Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը քննող դատավոր Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից բերված բողոքի քննությանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց։

Ըստ փաստաբանի՝ դատավոր Կարեն Բիշարյանին բողոքը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, ընդ որում, երաշխիքներ չեն ներկայացվել՝ արդյոք պահպանվել է օրենքով սահմանված՝ այբբենական մակագրման կարգը։

«Տուժողի իրավահաջորդներս պահանջում ենք, որ բավարարեք այդ միջնորդությունը, քանի որ մենք բոլորս չենք ուզում այս դատավարությունը վարեք դուք, լինեք նախագահողը։ Կարծում ենք, դուք կբավարարեք մեր ցանկությունները՝ հասկանալով, որ մենք այսօրվա դրությամբ այս երկրի այն քաղաքացիներն ենք, որ թե ասելու, թե պահանջելու իրավունք ունենք»,- դատարանում հայտարարեց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։

Այնուհետև դատարանը հեռացավ խորհրդարական սենյակ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի ժամը 17։00-ին։