Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Տեղեկացրել էինք, որ Բրյուսելում արդեն կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի առանձնազրույցը։

«Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը»,–ասված է հայտարարության մեջ:

ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, ինչպես նաև ընթացիկ տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը:

Հայտնել էինք` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել էր, որ Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել, որը բաղկացած է 5 կետից, ՀՀ-ն ի պատասխան 6 կետ է ներկայացրել։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։

Հավելենք, որ ապրիլի 6-ին ևս Բրյուսելում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և պայմանագրի համար։