Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ երկու ակցիա է անցկացվել

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր հանդիպել են ռուսամետ և ուկրաինամետ ակտիվիստները: Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում գերեվարված ուկրաինացի գրոհայինների պաշտպանության ակցիան ենթադրաբար կազմակերպել էր Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը:

 

Ակտիվիստներն իրենց հետ բերել էին ուկրաինական դրոշ և հակառուսական գրություններով պաստառներ։ Ոմանց ձեռքերում նաև «Ոչ պատերազմին» պաստառներ էին։

Քանի որ ակցիայի մասին նախապես հայտարարվել էր սոցցանցերում, նրանց դիմավորելու էին եկել ռուսամետ ուժերը։ Այս մեկը կազմակերպել էր «Ազատագրում» շարժման հիմնադիր, բլոգեր Միքայել Բադալյանը։ Նրա խոսքով՝ դա Հայաստանում ռուսատյացությունը ցրելու ակցիա է։

«Ռուսաստանը պահպանել է «Ազովստալում» գտնվողների կյանքը … Դուք 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցում էիք Ադրբեջանին՝ իմանալով, թե ինչպես են նրանք վարվում հայ գերիների հետ։ Այժմ դուք փորձում եք քանդել Հայաստանը։ Բայց դա ձեզ չի հաջողվելու», – ասաց է նա։

 

Բադալյանի խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող երկար հովանավորել նացիստական սադրիչ գործողությունները։

Ակտիվիստների խմբերը միմյանցից 10-15 մետր հեռավորության վրա են եղել։ Նրանց բաժանում էր ոստիկանական պատնեշը։ Իրավապահները թույլ չտվեցին սադրանքներ և բախումներ երկու խմբերի միջև։

Միջոցառման ժամանակ Խզմալյանի ակցիայի մասնակիցներից մեկը փորձեց երկրորդ խումբ «ներխուժել», սակայն ոստիկանները նրան հեռացրեցին։

Եվս մի անձ փորձեց գետնին գցել ռուսական դրոշը, սակայն ոստիկանը նախազգուշացրեց նրան՝ նշելով, որ նման քայլերի հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Ուշագրավն այն է, որ Խզմալյանն ակցիային միացել է մի փոքր ուշ։ Նրան տեսնելով՝ Բադալյանը թիմակիցների հետ սկսեցին վանկարկել «Խզմալյա՛ն, հեռացիր»։ Նրանք քննադատական հայտարարություններ արեցին Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջնորդի հանդեպ, ով հայտնի է իր խիստ հակառուսական դիրքորոշմամբ։

Ժամանակ անց պրոուկրաինական ակցիայի մասնակիցները լքեցին տարածքը դեսպանատան մոտ։ Որոշ ժամանակ անց հեռացավ նաև Բադալյանի խումբը։

 

Աղբյուր՝ armeniasputnik.am