Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված Հայէկոնոմբանկի ավանդատու քաղաքացիները հայցադիմումներ են ներկայացրել բանկի դեմ․ Փաստաբան

ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված Հայէկոնոմբանկի մասնաճյուղի կառավարչի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու փաստի առթիվ դատարանում քննվող քրեական գործով բանկի ավանդատու քաղաքացիները հայցադիմումներ են ներկայացրել Հայէկոնոմբանկի դեմ՝ իրենց ավանդների հարյուր հազարավոր դոլլարների գումարները վերադարձնելու պահանջով՝ միաժամանակ միջնորդելով հայցագնի չափով արգելանք դնել Հայէկոնոմբանկի գույքի և դրամական միջոցների վրա, քանի որ բանկը մինչև այս պահը հրաժարվում է դրանք կամավոր վերադարձնել։

Այսպիսի պահանջը լրիվ օրինական է, քանի որ քաղաքացիներն իրենց ավանդները պայմանագրերով վստահել են Հայէկոնոմբանկին, այլ ոչ թե նրա առևտրային ծառայող հանդիսացող կառավարչին, ուստի հափշտակության պարագայում ևս բանկը պարտավոր է վերադարձնել քաղաքացիների երկարամյա ավանդներն ու դրանց տոկոսները։ Բանկի այդպիսի պարտավորությունը սահմանվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և նախադեպային դատական ակտերով։ Ավելին, մնում ենք այն կարծիքին, որ Հայէկոնոմբանկի կառավարիչը, հափշտակություն կատարելով, անմիջական նյութական վնասը պատճառել է հենց բանկին, այլ ոչ թե ապօրինի եղանակով տիրացել կոնկրետ անձանց ավանդներին, ինչը նույնպես նշանակում է, որ բանկը վաղուց պետք է վերադարձներ պահանջված ավանդների գումարները։

Հետևաբար, Հայէկոնոմբանկի հետ փոխկապակցված իշխանական օլիգարխին սպասարկող լրատվամիջոցների և այլ ուժերի՝ իմ նկատմամբ «հակազդող» գործողությունները որևէ հեռանկար չունեն, արդյունք չեն ունենալու, ինձ մոտ ընդամենը ծիծաղ են առաջացնում։ Իհարկե հասկանում եմ, որ դժվար է բացառել, որ նրանք հենց այսպիսի քաղաքացիների ավանդների հաշվին են աշխատավարձ ստանում, բայց բարոյականությունը ունի սահմաններ, իսկ գործարար համբավի մասին նույնիսկ չեմ խոսում։

 

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից