Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի երեկո-համերգ` Աթենքի Կլաֆթմոնոսի հրապարակում (տեսանյութ)

Մայիսի 20-ին Աթենքի Կլաֆթմոնոսի հրապարակում, Հունաստանում ՀՀ դեսպանության հովանո ներքո տեղի է ունեցել Փոքրասիական աղետի 100-րդ տարելիցին և 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո-համերգ:

Հունաստանում ՀՀ դեսպանության տեղեկացմամբ, միջոցառմանը կոմպոզիտոր Ստեֆանոս Դեկերյանը հույն և հայ երաժիշտներից բաղկացած խմբով (Վասյա Զիլու, Մարիա Կանելոպուլու, Օդիսեաս Զաֆիրոպուլոս, Թեո Լազարու, Լեֆտերիս Խավուցաս, Վահան Գալստյան) համերգով ներկայացրել է հայկական ավանդական և նվագախմբային երաժշտության՝ հայկական ռիթմի և մեղեդու տարրերով, ինչպես նաև Զմյուռնիայի ավանդական, բայց նաև հույն կոմպոզիտորների ժամանակակից երգերի հավաքածու:

Հիշատակի երեկոն տեղի է ունեցել 2022 թվականի Գրքի 25-րդ ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում, որը կազմակերպվում է Գրահրատարակիչների ընկերակցության և գրավաճառների համահունական ֆեդերացիայի կողմից և իրականացվում է Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ: