«Ազովստալ»-ից ուկրաինացի վերջին զինվորները հանձնվում են ռուսներին․ ՌԴ ՊՆ-ի տեսանյութը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ երեկոյան հրապարակել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ուկրաինացի զինվորականների վերջին խմբի՝ ռուսական բանակին հանձնվելու տեսագրությունը։ Տեսանյութում ուկրաինացի զինծառայողները լքում են գործարանի տարածքը, նրանց խուզարկում են։ Հանձնվողներին հարցնում են՝ նրանց մեջ սպաներ կա՞ն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ հայտնել էր, որ «Ազովստալ»-ում ուկրաինական 531 զինծառայողից բաղկացած վերջին խումբը հանձնվել է մայիսի 20-ին, գրում է interfax.ru-ն։

Մայիսի 16-ից ի վեր ուկրաինական «Ազով» գնդի և Ուկրաինայի զինված ուժերի 2439 ներկայացուցիչ հանձնվել է՝ դուրս գալով Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից, ուրբաթ հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել էր, որ «Ազովստալ» գործարանը և ստորգետնյա օբյեկտներն ամբողջությամբ անցել են ռուսական բանակի վերահսկողության տակ։
«Գործողությունն ավարտելու և ուկրաինացի զինյալներից գործարանի և Մարիուպոլ քաղաքի ամբողջական ազատագրման մասին ՌԴ պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասել է Կոնաշենկովը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական «Ազով» գնդի հրամանատարին հատուկ զրահամեքենայով են դուրս բերել «Ազովստալ» գործարանի տարածքից։
Մայիսի 16-ին ռուս զինվորականները հայտնել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավորված ուկրաինացի զինվորականներին «Ազովստալ» գործարանից դուրս բերելու վերաբերյալ, բացվել է մարդասիրական միջանցք։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։