2018-ի և այս օրերին Հայաստանում գործող ընդդիմադիրները ոչ միայն տարբեր, այլև հակաբևեռ են․ Հասրաթյան

Համեմատում եմ մինչև 2018-ը և այս օրերին Հայաստանում գործող ընդդիմադիրների վարքագիծը և համոզվում, որ ինչպես իրենց առջև դրված նպատակներով, այնպես էլ դրանց հասնելու մարտավարությամբ նրանք ոչ միայն տարբեր, այլև հակաբևեռ են:

Օրինակ, եթե երեկվա ընդդիմությունը ոստիկանական մեքենա էր վառում և նիկոլի հոգին դրանից «փառավորվում» էր, ապա այսօրվա ընդդիմությունն ասում է՝ «ոստիկանը նիկոլ չէ…»

Եթե երեկ ընդդիմությունը՝ դռներ կոտրելով՝ մտնում էր ռադիոտուն, փողոցում լուսամփոփ էր ջարդում կամ ծանր հիվանդ տեղափոխող շտապ օգնության մեքենայի ճանապարհն էր փակում, ապա այսօրվա ընդդիմությունը ոչ միայն չի վնասում կամ ուժով ներխուժում որևէ պետական նշանակության օբյեկտ, այլև՝ ճանապահ փակելով հանդերձ, հոգատար վերաբերմունք է դրսևորում շտապ օգնության մեքենայով բուժհիմնարկ տեղափոխվող համաքաղաքացու հանդեպ…

Եթե երեկվա ընդդիմությունը հարձակվում էր իշխանական պատգամավորների տների վրա կամ դագաղներ ու սգո ծաղկեպսակներ էր դնում նրանց դռների առջև, ապա այսօրվա ընդդիմությունը ծայրահեղ դեպքում իշխանական պատգամավորներին և նրանց սատարողներին՝ փողոցում հանդիպելուց՝արդարացիորեն անվանակոչում է «դավաճան» կամ էլ «թրքահպատակ…»

Եվ, վերջապես, եթե երեկ ընդդիմության կողմից իրավապահ մարմինների հանդեպ դրսևորված իրավախախտումները (հասկացեք՝ սանձարձակությունները) գտնվում էին եվրոպական ու ամերիկյան դիվանագիտական և իրավապաշտպան կառույցների «հովանավորության» ներքո, ապա այսօր, «հակառակ օրինաչափությամբ», նույն այդ կառույցները տակավին շարունակում են հովանավորել նրան, ով ժողովրդավար չլինելով հանդերձ, կուրորեն ծառայում է իր, այլ ոչ թե սեփական ազգի շահերին…

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից