ԱԱԾ կոչվածը գերազանցելով իր լիազորությունները, անցել է այլանդակ բռնաճնշումների և հենց ինքն է գործում ազգային անվտանգության դեմ. 2

Կամաց վերադառնում են ստալինյան բռնաճնշումների տարիների վատագույն ավանդույթներին

 

Սկիզբը` այստեղ

Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ԱԱԾ կոչվածի հաղորդագրության այս 3- 4 տողում առկա է իրականության ակնհայտ նենգափոխման փաստ, ավելին` երեք սուտ, կեղծիք, հերյուրանք կա Արմեն Գրիգորյանի նկատմամբ:

  1. Արմեն Գրիգորյանը չի՛ նվաստացրել Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը, ինչն ապացուցվում է հենց ԱԱԾ կոչվածի նշված հաղորդագրությանը կցված «Հայելի» ակումբում կայացած հարցազրույցի համապատասխան հատվածի ձայնատեսագրությամբ, հարցազրույցում Գրիգորյանի այն խոսքով, որը հիմք է ծառայեցվել շինծու քրեական գործի հարուցմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդման համար:

Կարող եք լսել Գրիգորյանի խոսքի ձայնագրությունը և համոզվել, թե իրականում ինչ է ասել նա: «Հայելի» ակումբի հյուրը նկատի ունենալով Շիրակի և Արարատյան դաշտավայրի ոչ թե ողջ բնակչությանը, այլ նրանց սոսկ մի մասին, բառացի ասել է հետևյալը. «սրանց կեսը թուրք են»: Ակնհայտ է, որ նա դրանով Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը չի վիրավորել, ինչպես կեղծիք թույլ տալով, ներկայացրել է ԱԱԾ կոչվածը: Գրիգորյանի խոսքը վերաբերվել է հիշյալ բնակչության կեսին, ինչպես է «դավաճան» բնորոշումը, եթե, իհարկե, այն միտումնավոր չկտրենք պրոդյուսերի խոսքի համատեքստից (Գրիգորյանը «դավաճան» բնորոշումից անմիջապես հետո է, որ, ըստ էության, ճշտելով, որոշակիացնելով, ասել է` «սրանց կեսը թուրք են»):

Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչությունից ով իսկապես հայ է, նրա ազգային արժանապատվությունը Գրիգորյանի խոսքից բացարձակապես չի կարող վիրավորվել, ինչպես և չէր կարող վիրավորվել ու չի վիրավորվել իմ ազգային արժանապատվությունը (ծնվել և 28 տարի մշտապես ապրել եմ Գյումրիում):

Իսկ ով ծագումնաբանորեն թուրք է կամ, այսպես ասած, ադրբեջանցու սերունդ, նրա ազգային, ավելի ճիշտ, ցեղային արժանապատվությունը նույնպես չի կարող վիրավորվել, քանի որ Գրիգորյանը, փաստորեն, նրանց իրենց իսկ անունով է կոչել, ընդ որում, չնշելով որոշակի անձանց անուն ազգանուն, ում համարում է թուրք:

ԱԱԾ կոչվածը կարո՞ղ է պատասխանել մի պարզ հարցի` սույն քր. գործով կա՞ն տուժողի կարգավիճակ ունեցողներ, ովքե՞ր են տուժողները, որոնք կարող են ապացուցել, որ Գրիգորյանը «թուրք» ասելով, հենց իրենց է նկատի ունեցել ու նվաստացրել իրենց ազգային արժանապատվությունը: Սույն հարցը նույնպես հռետորական է, իհարկե՛, չկան:

ԱԱԾ կոչվածը հարցաքննե՞լ է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչությանը, գուցե նրանց մի մասը նույնպես Նիկոլի պես «դուխով» խոստովանի, ասի, որ ինքն իսկապես թուրք է, ինչպես Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը վերջերս սփյուռքում արձագանքելով «Դուք ձեզ թուրք համարո՞ւմ եք» հարցին, պատասխանեց` «այո, այո» : Այս հարցը նույնպես հռետորական է, քանի որ ԱԱԾ կոչվածը նրանց չի հարցաքննել, ու չի էլ կարող տվյալ հարցի արժանահավատ պատասխանը ստանալու համար բավարար քանակի բնակիչների հարցաքննել, չնայած ուռճացված հաստիքակազմին, աշխատակիցների քանակը չի բավարարի:

  1. Ըստ ԱԱԾ կոչվածի, Արմեն Գրիգորյանը նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ է դրել «մտացածին գաղափարներով»: Այս կապակցությամբ արձագանքս հակիրճ է` Արմեն Գրիգորյանի արտահայտած գաղափարները մտացածին չեն, ունեն գիտական հենք (պատմագիտական, գենետիկական, ժողովրդագրական, փաստական), մտացածինը, շինծուն հենց ԱԱԾ կոչվածում հարուցված տվյալ քրեական գործն է:
  2. ԱԱԾ կոչվածի հաղորդագրության համաձայն` Արմեն Գրիգորյանը նրանց էթնիկ ծագումնաբանությունը մտացածին գաղափարներով կասկածի տակ է դրել: ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՈւմ երևի չեն հասկանում ինչ է նշանակում կասկածի տակ դնել: Ո՛չ, Արմեն Գրիգորյանը կասկածի տակ չի դրել, այլ օգտվելով կարծիքի արտահայտման ազատության իր սահմանադրական իրավունքից, իր կարծիքը կամ գուցե համոզմունքն է արտահայտել, որ Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության կեսը թուրք են:

Սխալվե՞լ է Գրիգորյանը, թե՞ ճիշտ է ասել, Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության կեսը թո՞ւրք են իրոք… Իհարկե՛ սխալվել է, չափազանցրել է, բայց ես հասկանում եմ ու, կարծում եմ, յուրաքանչյուր ողջախոհ մարդ պետք է հասկանա, որ նրա այս չափազանցությունը ոչ թե չարամտությունից, այլ ցավից է ծնված:

Եթե ուզում եք իրականությունն իմանալ, ապա ոչ միայն Շիրակի և Արարատյան դաշտավայրերի, այլև ողջ Հայաստանի, նաև սփյուռքի, առավել նվազ չափով` Արցախի բնակչության մի մասը, այսինքն` ավելի քան 10 մլն համարվող հայ ժողովրդի մի մասը հայ չէ (թե քանի՞ տոկոսը` չգիտեմ, որևէ մեկը չգիտի), էթնիկ ծագումնաբանական առումով, այս կամ այն չափով, կովկասյան թուրք է, անատոլիական թուրք, սելջուկ, հրեա, մոնղոլ, թաթար, հույն, քուրդ, ասորի, արաբ և այլն` անկախ նրանից, թե ինքը հայ է ներկայանում, թե ոչ: Կարծում ենք, հասկանալի է, որ վերոնշյալը չի վերաբերվում Հայաստանում և Արցախում բնակվող ազգային փոքրամասնություններին, որոնք ներկայանում են իրենց էթնիկ ինքնությամբ:

Վերոնշյալը հասկանալու համար պետք էր գոնե մի քիչ սեփական ժողովրդի պատմությունն իմանալ` Տիգրան Մեծի գահակալության ժամանակաշրջանից սկսած, մինչև մերօրյա իրողությունները, բայց դե երբ խոսքը Նիկոլի ժամանակվա ԱԱԾ կոչվածի մասին է, ումից ինչ եմ ակնկալում: Իսկ եթե նույնիսկ հասկացողներ ու գիտակներ մնացել են, կան, ապա, դատելով ամենից, նրանք Նիկոլի, նիկոլականների կամակատարներն են, կամ իրենք չեն հիշյալ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՈւՄ եղանակ որոշողները:

ԱԱԾ կոչվածը կարո՞ղ է պատասխանել, թե որոնք են հայ լինելու չափանիշները, և ո՞րն է դրանցից գլխավորը: Իհարկե՛ ոչ: Այնտեղ դրա համար բավարար գիտելիք, նույնիսկ պահանջվող գիտելիքի կեսն ունեցող չկա:
Դե հիմա հաշվեք, թե սփյուռքում բնակվողների շրջանում քանի- քանի հայի և ֆրանսիացու, հայի և ռուսի, հայի և անգլիացու, հայի և եվրոպական այլ էթնիկ խմբերի, հայի և նույնիսկ աֆրոամերիկացու զավակներ ու սերունդներ կան: Ի՞նչ հատկանիշներ կարող են հիմք հանդիսանալ նրանց հայ համարելու: Անձնագրում ազգության «հայ» նշո՞ւմը… Անհեթեթություն, իհարկե՛ ոչ: Ազգանվան «յան» վերջավորությո՞ւնը… Իհարկե՛ ոչ: Լեզո՞ւն… Դարձյալ ոչ: Կրո՞նը… Ո՛չ: Մշակո՞ւյթը… Ո՛չ: Այս վերջին երեքը, իհարկե, կարևոր են, բայց ոչ որոշիչ:

Ընդունենք, թե Շիրակի և Արարատյան դաշտավայրերի ողջ բնակչությունը զտարյուն հայեր են, և Գրիգորյանը նրանց թեկուզ կեսին թուրք է անվանել: Եթե Գրիգորյանը նրանց կեսին, ասենք, նորվեգ, շվեդ, դանիացի, ֆրանսիացի, ռուս, ճապոնացի անվաներ, ԱԱԾ կոչվածում դարձյալ պետք է համարեին, թե պրոդյուսերը նվաստացրե՞լ է նրանց ազգային արժանապատվությունը: Գրեթե կասկած չունենք, որ ոչ, քանի որ 0 հնարավորություն կունենային իրենց մեղադրանքը հիմնավորելու: Բայց հիմա հետաքրքիր է, թե ինչպե՞ս են հիմնավորելու, որ հային թուրք անվանելը հայի ազգային արժանապատվության նվաստացում է, Էրդողանի ահից Նիկոլն ինֆարկտ կամ ինսուլտ չի՞ ստանա, առնվազն չի՞ հիվանդանա շաքարային դիաբետով:

Խնդիրը, սակայն, միայն սա չէ. ԱԱԾ կոչվածն իր այս մեղադրանքով կամ վերոնշյալ պատճառաբանությամբ քր. գործի հարուցելով, փաստորեն, ընդունել է, որ թուրքերն էթնիկ առումով վատն են, հայերից նվաստ են, ընդ որում, այնքան նվաստ, որ հային թուրք անվանելը որակվում է հայի ազգային արժանապատվության նվաստացում: Բա որ այդքան վատն են, այ ԱԱԾ կոչված, Նիկոլն ու նիկոլենք այդ ո՞ւմ հետ են հայերիս ազգային անվտանգության համար վտանգավոր սիրախաղերի մեջ մտել…

Ավելին. համարելով, որ հային թուրք անվանելը հայի ազգային արժանապատվության նվաստացում է, ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն, ԱԱԾ համապատասխան քննիչը, տվյալ քր. գործի վարույթի հետ կապված նրա վերադասը կամ վերադասները փաստորեն իրենք են կատարել Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված արարք` թուրքերի ազգային (ըստ իս` ցեղային) արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն: Այնպես որ, այս մեղադրանքը նման է երկսայր սրի, ու գոնե սա ԱԱԾ կոչվածում պետք է գիտակցեին:

Եթե ԱԱԾ կոչվածում իսկապես համարում են, որ թուրքը վատն է, արգահատելի է, շարունակում է մնալ ցեղասպան, դահիճ, ինչպես հայտնի Սաֆարովը, ապա ինչո՞ւ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկում Թուրքիայի ղեկավարության հետ Նիկոլի, Արարատ Միրզոյանի և այլոց ձեռնարկած հայտնի և լայն հանրությանն անհայտ գործընթացները կասեցնելու, արգելելու, չեզոքացնելու ուղղությամբ…

Արմեն Գրիգորյանն ակնհայտորեն քաղբանտարկյալ է, քրեականի քողի ներքո ռեժիմի կամ բռնապետության քաղաքական հետապնդման ժամանակավոր զոհ` իշխող վարչախմբի հանցավոր գործունեության նկատմամբ իր ընդդիմադիր քաղաքական հայացքների ու հրապարակային գործունեության համար: Նրան կրկնահանցագործի նման բերման ենթարկողների, Գրիգորյանի արժանապատվության նկատմամբ ոտնձգողների (անկախ` դիմակավորված լինելու հանգամանքից) ու, հատկապես, նրանց տվյալ հրամանը տված ղեկավարության պատասխանատվությունն ու պատիժը լինելու է անխուսափելի:

ԱԱԾ կոչվածից պահանջում եմ հանցադեպի բացակայության հիմքով անհապաղ կարճել վերոնշյալ քրեական գործը, դադարեցնել Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրան ազատ արձակել անհիմն և ապօրինի կալանքից, մոտ ապագայում դա կարող է դիտվել որպես իրենց պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք:

Եվ վերջում. եթե ԱԱԾ կոչվածում սույն հոդվածի առնչությամբ որևէ պատասխան, ասելիք ունեն, թող ուղարկեն խմբագրություն, սիրով կհրապարակենք: Ավելին. անկախ պատասխանի առկայությունից կամ բացակայությունից, ԱԱԾ կոչվածի լիազորված ներկայացուցչին հրավիրում ենք LIVEnews.am-ի տաղավարում զրույցի Արմեն Գրիգորյանի նկատմամբ իրականացվածի առնչությամբ, եթե, իհարկե, ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՈւմ համարձակությունը կբավարարի, կամ ԱԱԾ կոչվածի ղեկավարությանը խորթ չէ սպայի պատիվ հասկացությունը:

 

Արթուր Հովհաննիսյան