ԱՀԿ-ն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել աշխարհում կապիկի ջրծաղիկի բռնկման պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրավիրում է փորձագետների արտակարգ խորհրդակցություն՝ քննարկելու աշխարհի մի շարք երկրներում կապիկի ջրծաղիկի բռնկումը, գրում է «Թելեգրաֆ» թերթը՝ հղում անելով սեփական տեղեկատվությանը։

Հիվանդությունն արդեն հայտնաբերվել է մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում։

Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց միջև: Այն սովորաբար թեթև ընթացք է ունենում և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ:

Մասնագետներն ընդգծում են, որ այն չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, բայց այն կարող է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով։ Հիվանդության սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն:

Կարող է զարգանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա և այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ Այն փոխվում է և անցնում տարբեր փուլերով՝ մինչև քոսի վերջնական ձևավորումը, որը հետագայում թափվում է։