Ծիծեռնակաբերդի խճուղին փակ է, փլուզվել է ճանապարհի մի հատվածը

Այս առավոտ երևանցիները ականատեսը դարձան Երևանի քաղաքային իշխանությունների հերթական խայտառակության հետևանքներին։ Այս մասին գրել է ՀՅԴ Երևանը։ Ոմն շինարարի անփույթ աշխատանքի հետևանքով, Ծիծեռնակաբերդի խճուղին փակ է, որովհետև փլուզվել է ճանապարհի մի հատվածը։

Ծիծեռնակաբերդի խճուղու խնդրո առարկա հատվածը մի քանի ամիս առաջ նորից փլուզվել էր, հետո իբր թե վերանորոգվել էր, սակայն վերջին երկու ամիսներին նույն հատվածը մնում էր կիսով փակ։ Երևանցու համար անհայտ էր, թե ե՞րբ է այդ վտանգը վերացվելու, ե՞րբ է շինարարի կողմից բռնագրավված ճանապարհը նորից գործելու, մինչև որ պատահեց անխուսափելին։

Պատահածի և անցնող մի քանի ամիսներին երևանցու առօրյայի խաթարման պատասխանատուն շինարարն է և նա պարտավոր է օրենքով սահմանված ամենախիստ պատժին ենթարկվել․ սակայն շինարարից ավելի պատասխանատու են Երևանի քաղաքային իշխանությունները, Երևանի քաղաքապետարանը, որ առաջին հերթին շինթույլտվությունների շարան է տրամադրել Դալմայի այգիներում, և իր անփույթ աշխատանքի հետևանքով ո՛չ միայն խաթարել է Երևան քաղաքի բնապահպանական նորմերը, անտեսել կարիքները և խնդիրները, այլ նաև սահմանափակել երևանցու տեղաշարժի իրավունքը՝ նորելուկ օլիգարխների հաշվին։

Այստեղ հարկ է ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ միասին, այս անփութության և ընդհանրապես Երևանում շինարարական, կանաչապատման, ճանապարհների, աղբահանության, տրանսպորտի խայտառակ վիճակի պատասխանատվությունը կրում է ՔՊ-ն՝ իր դիլետանտիզմով, պոպուլիզմով ու «մերը լինի, պոլի փետ լինի» մտայնությամբ, ո՛վ էլ որ լինի այդ մտայնության գլխին կանգնած անձնավորության անունը՝ Հայկ Մարության, Հայկ Սարգսյան, թե երազներ փայփայող Տիգրան Ավինյան»։