«Shame», «ամոթ». պատգամավորներին թույլ չտվեցին մտնել ֆորումի սրահ

ԱԺ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ մուտք գործեցին «Մարիոթ» հյուրանոց, որի սրահներից մեկում այս պահին ընթանում է Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը:

ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել սրահ, որտեղ ներկա են իշխանության ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Պատգամավորներին ասվեց, որ հատուկ միջոցառում է, ներս մտնելու համար պետք է կապվել կազմակերպիչների հետ, ցուցակում կավելացվի պատգամավորների անունները և նրանք կկարողանան ներս մտնել:

Այդ պահին Աննա Գրիգորյանը փորձեց առանց թույլտվության մտնել ներս, սակայն նրան ուժով չթողեցին: Այստեղ է նաև ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը:

Աննա Գրիգորյանը հայտարարեց. «Փաստացի արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է փակ դռների հետևում, ոստիկանական պատնեշների հետևում։ Նա չի կարող ազատ շրջել Հայաստանում»:

Հյուրանոց մուտք գործած պատգամավորները սկսեցին վանկարկել «shame»,  «ամոթ», «առանց Նիկոլ Հայաստան», «պայքար»։

Նշենք, որ քննարկմանը նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Տեսանյութը՝ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից