Ղազախստանը դադարեցրել է հարկերի մասին ԱՊՀ համաձայնագիրը

Ղազախստանի խորհրդարանի Սենատը (վերին պալատը) հինգշաբթի օրենք է ընդունել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների կառավարությունների միջև հարկային քաղաքականության համաձայնեցված սկզբունքների մասին 1992 թ մարտի 13-ի համաձայնագրի դադարեցման մասին արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ քննարկումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

«Համաձայնագիրը ստորագրվել է հետխորհրդային անկախ պետությունների ձևավորման ժամանակաշրջանում՝ հարկման սկզբունքների և կանոնների միասնականացման վրա հիմնված համակարգված հարկային քաղաքականություն վարելու նպատակով: Կողմերը պայմանավորվել էին կիրառել հիմնական հարկերի միասնական ցանկ, որոնք առնչվում են ԱՊՀ անդամ բոլոր երկրների շահերին: Բացի այդ, կողմերը համաձայնության էին եկել Եկամուտների և գույքի կրկնակի հարկումից խուսափելու և ԽՍՀՄ-ի կողմից ավելի վաղ կնքված պայմանագրերի կատարման հարցի վերաբերյալ»,-ասված է ֆինանսների և բյուջեի կոմիտեի եզրակացության մեջ:

Նախագծում նշված է, որ համաձայնագրի ստորագրումից անցել է 30 տարի, ուստի փաստաթուղթը դադարել է ակտուալ լինել։ Բացի այդ, փաստաթղթի երկարաձգման համար դիմումների բացակայության պատճառով ԱՊՀ երկրները որոշել են դադարեցնել այն։

Սենատի ընդունումից հետո ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների միջեւ համաձայնագրի գործողության դադարեցման մասին արձանագրության վավերացման մասին օրենքը կներկայացվի Ղազախստանի նախագահին ստորագրման։