Ունենք հիմնավոր կասկած, որ Ադրբեջանը թաքցնում է ռազմագերիների թիվը․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը այսօր Ազգային ժողովում ներկայացրել է 2021թ․ գործունեության տարեկան զեկույց։ Արցախի ՄԻՊ-ը շեշտել է, որ 2021-ը Արցախի համար առանձնացել է հետպատերազմական ժամանակաշրջանին բնորոշ իրադարձություններով ու իրողություններով, որոնք իրենց անդրադարձն են ունեցել նաև մարդու իրավունքների վրա։ Որոշակիորեն փոփոխվել է նաև Արցախի ՄԻՊ-ի գործունեությունը։

2021-ին ՄԻՊ գործունեությունը ընթացել է հետևյալ հիմնական ուղղություններով՝ մարդու իրավունքների ու ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոք-դիմումների ուսումնասիրություն և քննարկում, խոշտանգումների կանխարգելում, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, բռնի տեղահանված անձանց, հասարակության խոցելի խմբերին դասվող անձանց խմբերի պաշտպանություն։

Ադրբեջանի  հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ Արցախի ՄԻՊ աշխատակազմը իրականացրել է լայնածավալ փաստահավաք աշխատանք և  պատրաստել է  տարաբնույթ զեկույցներ։

Գ․ Ստեփանյանն ասել է, որ ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է եղել երեխաների պաշտպանությունը և որպես դրական լուր շեշտեց հետևյալը․ «Պատերազմի ժամանակ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունը տեղափոխվել է ՀՀ  ու մինչ օրս շարունակում է իր գործուներությունը»։

Արցախի ՄԻՊ-ը հայտարարեց․ «2020 թ․ սեպտեմբերի  27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով ԱՀ 215 բնակավայր անցել է ադրբեջանական օկուպացիայի ներքո, այդ բնակավայրերից բռնի տեղահանվել են  մոտ 40 000 անձ, ինչը հանգեցրել է այդ անձանց իրավունքների աննախադեպ խախտումների»։

2021-ին ՄԻՊ աշխատակազմը  իրականացրել է  2020 թ․ աշնանը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերեվարված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրում։ Միևնույն ժամանակ աշխատանք է տարվել Ադրբեջանի կողմից  Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների փաստագրման ուղղությամբ։

Անդրադառնալով Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարվածների հարցին, Ստեփանյանն ասել է, որ այս պահին քաղաքացիական անձանց թիվը, Ադրբեջանի հաստատած տվյալների համաձայն՝ 38 է:  Մինչդեռ Արցախի ՄԻՊ-ը ասել է․ «Արցախի ՄԻՊ-ը, Հայաստանի ՄԻՊ-ը և այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում ենք ապացուցել ևս 80 անձանց  գերության մեջ լինելու հանգամանքը: Ցավոք սրտի, դա մինչև այսօր Ադրբեջանի կողմից որևէ ձևով չի հաստատվում, ինչը մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,-ասաց նա:

Ստեփանյանն ասել է, թե գերեվարավածներից 35-ը զինվորականներ են, 3-ը՝ քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Սակայն 19 քաղաքացիական անձ շարունակում է մնալ անհետ կորած: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության մեջ լինելու հանգամանքը ևս կարողանում ենք փաստերով ապացուցել»,-ասել է Ստեփանյանը։