Վճռաբեկ դատարանի և ՍԴ դատավորների աշխատավարձերը կբարձրանան 50 և 80 տոկոսի չափով

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափը կավելանա՝ նրանց տրամադրվող հավելումներն ու հավելավճարները վերանայելու միջոցով։

Կառավարության այսօրվա նիստում նախագիծն ընդունվեց միաձայն: ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների համար  սահմանել հավելում պաշտոնային  դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:
«Որպեսզի ՍԴ դատավորների կենսաթոշակը զգալիորեն չտարբերվի մյուս ատյանի դատավորների կենսաթոշակի չափից, պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների օրենքներում էլ նախատեսվել է կարգավորում, որ եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի միայն 30 տոկոսը»,- ասաց նա՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանն իրականացում է կարևոր սահմանադրական առաքելություն, նպաստում է իրավունքի զարգացմանը, ապահովում է դատական պրակտիկայի միասնականություն, այն իր գործի բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի և եռաստիճան դատական համակարգում առնչվում է իրավունքի և փաստի ամենաբարդ հարցերի քննությանը: ՍԴ-ն էլ իր հերթին ապահովում է իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության առավել ամբողջական ընկալում ու սահմանադրական օրինականությունը որոշում է նաև կարևոր օրենսդրական նախաձեռնությունների ճակատագրեր:

Փաշինյանն ընդգծեց, որ այս որոշումները կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն քաղաքացիների, ովքեր առնչվում են դատարանների հետ: