ՀՀ-ում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ. մեր ռուս գործընկերներին տրվել են սպառիչ պատասխաններ. ԱԽ քարտուղար

ՀՀ վարչապետի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը ՀՀ ներսում համակարգում է կենսաանվտանգության ոլորտը. այդ աշխատանքը համակարգում է ԱԽ քարտուղարը: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Աշխատանքային խումբը ինտենսիվ աշխատում է մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Աշխատանքային խմբի համակարգմամբ ժամանակին ՌԴ-ից մասնագետներ են այցելել Հայաստան և նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ:

Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն և միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը:

Բացի այդ, կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են ՀՀ և ՌԴ անվտանգության խորհրդի գրասենյակների համագործակցության օրակարգում: Մեր ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ:

Վերջերս ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող բոլոր հարցերը: Հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա հավելեց, որ այս ոլորտում Հայաստանը շարունակում է համագործակցել իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի շարունակական բարելավի երկրի հնարավորությունները տարաբնույթ սպառնալիքներին դիմագրավելու հարցում: