Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ հակամարտություն Ռուսաստանի հետ, գրում է National Interest-ը

Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ հակամարտություն Ռուսաստանի հետ՝ պետությունների միջև սերտ տնտեսական կապերի պատճառով, National Interest ամսագրի հոդվածում գրում է մեկնաբան Հարուն Կարչիկը։

Մեկնաբանը նշել է, որ ռուսական մատակարարումները գազով ապահովում են երկրի 45 տոկոսը, նավթով՝ 17 տոկոսը, ցորենով՝ 70 տոկոսը։ Միաժամանակ «Ռոսատոմ»-ը կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ «Աքքույու»-ն, որը պետք է գործարկվի 2023 թվականին։

«Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ կորցնել առանցքային գործընկերոջը այն ժամանակ, երբ թուրքական լիրան մեկ տարուց պակաս ժամանակում արժեզրկվել է 47 տոկոսով, իսկ գնաճը վերջին 20 տարվա ամենաբարձր մակարդակին է», – բացատրել է Կարչիկը։

Հեղինակն ընդգծել է, որ Ռուսաստանից անցած տարի 4,7 միլիոն այցելուների զբոսաշրջային հոսքը կարևոր դեր է խաղում Թուրքիայի տնտեսության համար։

Նրա կարծիքով, այդ պատճառներով Անկարան չեզոք դիրք կպահպանի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերություններում։