Ինչի՞ մասին են խոսել պատգամավորներն ու ՀՀ ոստիկանապետը. Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը, որոնք նաև «Դիմադրություն» շարժման անդամներ են, հանդիպել են Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հանդիպումից հետո հայտնեց` ոստիկանապետն իրենց տեղեկացրել է, որ 1 ոստիկանի գործունեությունն արդեն կասեցվել է։

«Ներկա պահին 37 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործ։ Այսօրվա դեպքերով տեղի է ունենում ուսումնասիրություն, ոստիկանությունն էլ շատ կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ և կոնկրետ դեպքերով»,– նշեց Սաղաթելյանը։

Նա նաև ընդգծեց, որ այն ավելի քան 80 մեքենաները, որոնք ավտոերթերի ժամանակ տարվել են հատուկ պահպանման տարածք և մինչ օրս չեն վերադարձվել սեփականատերերին, կվերադարձվեն։

Սաղաթելյանն ասաց, որ իրենք կոչ են արել, որպեսզի վերջ տրվի ոստիկանների ապօրինի գործողություններին։ Նա հույս հայտնեց, որ իրավապահ կառույցն ըմբռնումով կվերաբերվի ընդդիմադիրների կոչին։

Չարենց–Նալբանդյան խաչմերուկում գտնվող ընդդիմադիրներն ու նրանց համակիրները սկսեցին վանկարկել. «Միություն, պայքար, հաղթանակ», «Առանց Նիկոլ, Հայաստան»։

Նրանք շարունակեցին իրենց երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կամփոփեն օրն ու կխոսեն վաղվա անելիքներից։

Մինչ հանդիպումը Սաղաթելյանը կրկին ներկայացրել էր իրենց պահանջները և շեշտել, որ քաղաքացիների և պատգամավորների նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացրած ոստիկանների գործունեությունը մինչև վաղը պետք է կասեցվի։ Նա ընդգծել էր նաև, որ այդ ոստիկանները, որոնց նկարներն այսօր ցույց են տվել Ֆրանսիայի հրապարակում, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։