ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանն առաջիկայում կսկսեն սահմանազատման գործընթացը

Ռուսաստանը հուսով է, որ առաջիկայում կհաջողվի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործնական աշխատանքը։ ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս հայտարարությունն արել է այսօրվա ճեպազրույցում։

«Հետևողականորեն հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծման և հետագա դեմարկացիայի օգտին՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,- ընդգծել է Զախարովան:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պետք է քայլեր ձեռնարկել սահմանի կայունությունն ու անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ այդ հարցը քննարկվել է Դուշանբեում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ:

«Գործընկերները տեղեկացրել են, որ իրենք մոտ են ազգային պատվիրակությունների ձևավորման ավարտին», – ասել է Զախարովան` ավելացնելով, որ Ռուսաստանն արդեն ձևավորել է իր փորձագիտական թիմը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շուտափույթ մեկնարկն անհրաժեշտ է նաև ցանկացած տեսակի սահմանային միջադեպերի կանխարգելման համար:

«Դրա շրջանակում հնարավոր կլիներ վստահության բարձրացման մեխանիզմներ ձևավորել` ներառյալ շփման խմբերի ստեղծումը՝ սահմանամերձ շրջաններում կայուն մթնոլորտ ապահովելու համար»,-կարծում է Զախարովան: