Թուրքիան ցանկանում է F-35 կործանիչներ՝ ՆԱՏՕ-ի կազմում Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար. «Բլումբերգ»

Թուրքիան ակնկալում է ընդգրկվել F-35 կործանիչների արտադրության ծրագրում՝ Հյուսիսատլանտյան դաշինք Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքի հաստատման համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Վաշինգտոնն ավելի վաղ Անկարային դուրս էր թողել ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչների ծրագրից՝ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով։

Անկարան նաև պնդում է, որ ՆԱՏՕ-ի ցանկացած նոր թեկնածու ընդունի իր մտահոգությունը քուրդ զինյալների վերաբերյալ՝ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրսում՝ Սիրիայում և Իրաքում: Թուրքիան ուզում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրապարակային դատապարտեն ոչ միայն Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, այլև նրա մասնաճյուղերը՝ նախքան դաշինքին միանալու թույլտվություն տալը:

Բացի այդ, Անկարան ցանկանում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան չեղարկեն զենքի արտահանման սահմանափակումները, որոնք նրանք սահմանել էին ԵՄ մի քանի այլ անդամների հետ 2019 թվականին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններից հետո: