Զոհվածների ծնողները Ֆրանսիայի հրապարակում պահանջում են Փաշինյանի և Ջհանգիրյանի հրաժարականը

Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ բեմահարթակ բարձրացան զոհված զինծառայողների ծնողները։ Ոմանք իրենց հետ բերել են իրենց զոհված զավակների լուսանկարները։

Հավաքի մասնակիցները որդեկորույս ծնողներին ողջունեցին երկարատև ծափահարություններով։

Ծնողները բեմից հայտարարություն հրապարակեցին, որում մասնավորապես անդրադարձան Վերաքննիչ դատարանում զոհվածների շահերին առնչվող բողոքով նշանակված դատական հերթական` 3-րդ նիստը ձգձգելու փաստին։

«Արցախյան պատերազմում զոհվածների իրավահաջորդներս այսօր` որպես շահագրգիռ կողմ, ներկայացել էինք Վերաքննիչ դատարան։ Սակայն պարզվել է, որ գործին մասնակցող դատախազին դատարանը պատշաճ ծանուցում չի ուղարկել։ Արդյունքում, այլ ելք չունենալով, փակել ենք դատարանի առջևի ճանապարհը։ Դատարանի նման վարքագիծը ծաղր է ծնողների և մեր վշտի նկատմամբ»,– ասված է հայտարարության մեջ։

Ծնողները կասկածում են, որ այս ամենը հետևանք է դատական էլեկտրոնային համակարգի ոչ պատշաճ աշխատանքի, որի հետևում, նրանց համոզմամբ, կանգնած է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։

«Պահանջում ենք ՀՀ դատական համակարգի աշխատանքը հիմնովին խաթարած Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը»,– ասաց հայտարարությունը ներկայացնող ծնողներից մեկը։

Բացի այդ, զոհերի հարազատները նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ներկայացրեցին` միաժամանակ հայտարարելով, որ իրենց բողոքի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ոչ թե պետական դավաճանության, ինչպես իրենք էին պահանջել, այլ պաշտոնեական դիրքի չարաշահման մասին հոդվածով։ Ուստի ծնողները դատախազությունից ու ՔԿ–ից պահանջում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցել հենց դավաճանության հոդվածով։