Թող չնեղանան. Էրդողանը մերժել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելուն։

«Մենք չենք կարող ասել՝ այո։ Այդ դեպքում ՆԱՏՕ-ն չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Մենք չենք կարող ասել՝ այո, թող չնեղանան», – մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»ն։

Նա նաև հավելել է, որ մայիսի 16-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունները կայցելեն Թուրքիա՝ դաշինքին միանալու շուրջ երկխոսության համար։

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Շվեդիան և Ֆինլանդիան չեն արտահանձնել 33 անձանցից ոչ մեկին, որոնց արտահանձնումը խնդրել է Թուրքիան։ Հաղորդվում է, որ այս ցուցակի մի մասը Թուրքիայում արգելված FETO կազմակերպությունների անդամներ են, իսկ մնացածները՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներ։