Մանիպուլյացիա, ձգձգում, արհամարհանք, մենք ոչ մի լրջություն չենք տեսնում ոչ դատախազության, ոչ դատարանի կողմից․ զոհված զինծառայողների ծնողները փակել են փողոցը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից Գ. Նժդեհի անվան փողոցը։ Այսօր դատախազի չներկայանալու պատճառով Փաշինյանի դեմ գործ հարուցելու հերթական դատական նիստը չի կայացել: Դատավորը հայտարարել է, որ ինքը ծանուցել է դատախազին:

Սա զայրացրել է որդիներին կորցրած ծնողներին ու նրանց հարազատներին։ Նրանք իրենց որդիների լուսանկարները ձեռքներին՝ փակել են փողոցը։

Լրատվամիջոցների հետ զրույցում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի հարազատը՝ Անահիտ Մանասյանն ասաց, դատական նիստի ընթացքում իրենց հարցերին պատշաճ պատասխաններ չեն տրվել։

«Քանի որ ժամը 11։00-ին նշանակված էր այլ նիստ, որտեղ պետք է դատավորը քններ կալանքի միջնորդություն, մեր նիստը հետաձգվեց։ Մենք դուրս եկանք,  փողոցը փակեցինք։ Պահանջում ենք, որ գան ու մեր հարցերին պատասխան տան հիմա, ոչ թե սպասենք մայիսի 19-ին ժամը 13։00-ին նշանակված նիստին»,-նշեց Մանասյանը։

Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանն էլ հավելեց․

«Դատավորը չասաց՝ թե դրանից առաջ ինչո՞ւ մեզ պատշաճ ծանուցում չի եղել, ինչպե՞ս է գործով դատավոր նշանակվել, այնքան ձգձգեց, մինչև նիստն ավարտվեց։ Այսօր էլ նույն ձեռագիրն էր։ Եթե մենք չբողոքենք, նրանք նույն ոճով կշարունակեն։ Դրա համար մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում։ Բառախաղ, մանիպուլյացիա, ձգձգում, արհամարհանք, մենք ոչ մի լրջություն չենք տեսնում ոչ դատախազության, ոչ դատարանի կողմից։ Նորից կոչ ենք անում՝ պարոն Դավթյան, զարթնեք»,-ասաց նահատակված Մելիքյանի մայրը՝ դիմելով գլխավոր դատախազին, որն այս պահին Եգիպտոսում է։