Ակցիան ավարտվելուց հետո հայտնվեցին «սև բերետավորները» և վայրենավարի բերման ենթարկեցին մայթին կանգնած քաղաքացիներին

Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցան Արցախի ու Հայաստանի շարունակական կործանման դեմ սկսված խաղաղ անհնազանդության հերթական ակցիաները: Ակցիայի երթն ընթացել է բացառապես հետիոտների համար նախատեսված մայթերով՝ բացառությամբ մի հատվածի: Ընթացքում, ակցիայի մասնակիցների կողմից, որպես իշխանությունների ազգակործան քաղաքականության դեմ բողոքի նշան, ողջամիտ ժամկետով փակվել են փողոցների երթևեկելի հատվածները, որոնք բացվել են ուղեկցող ոստիկանների առաջին իսկ օրինական պահանջի դեպքում:

Չի գտնվել գեթ մեկ քաղաքացի, որը բողոքել է երթևեկելի մասը փակելու համար, ընդհակառակը, շատերն ավտոմեքենաներից, բնակարանների պատուհաններից, խանութներից, կանգառներից ու այլ վայրերից ուղղակի ողջունում էին և կարևորում էին շարժման պահանջերը: Շտապ-բուժօգնության և հրշեջ ծառայության մեքենաներին անմիջապես ճանապարհ է տրվել:

Ակցիան ավարտելուց հետո, երբ քաղաքացիները հավաքվել էին ճանապարհի մայթեզրին ու պատրաստվում էին հեռանալ, հայտնվեցին ոստիկանության հատուկ վաշտի այսպես կոչված «սև բերետավորները» և առանց որևէ բացատրության, ապօրինի կերպով, վայրենավարի բերման ենթարկեցին մայթին կանգնած քաղաքացիներին: Երբ հարցնում ես, ո՞րն է ձեր գործողության իմաստը՝ դեմքի անիմաստ արտահայտությամբ նայում են աչքերիդ ու փորձում քաշքշելով բերման ենթարկել:

Ես այդ տղաներին չեմ մեղադրում, նրանք երևի թե մեղք չունեն, որ իրենց հրաման տվողները թուրք-ադրբեջանական հանձնարարություններն են կատարում (տես Ալիևի և այլ ազերիների հարցազրույցները):

Սա գրում եմ միայն նրա համար, որպեսզի պարզ լինի, թե ինչ աստիճանի անբարո վարք ունեն կապիտուլյանտները:

Ամեն դեպքում, կարևորն այն է, որ համաժողովրդական շարժումն այսօր կատարել է իր հայտարարած գործողությունները և պայքարը հանուն Հայրենիքի հարատևման շարունակվում է:

Ապրեն բոլոր նրանք (այդ թվում նաև ոստիկանները), ովքեր գիտակցում են, որ Հայաստանը պարտավոր է հրաժարվել Նիկոլից ու իր խունտայից: Դա օրհասական պահանջ է՝ հանուն խաղաղ ու անվտանգ ապագայի: 

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից