Հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք․ տնտեսագետ

2022 թվականի պետական բյուջեն ընդունելիս գործող իշխանություններն իրենց բնորոշ պոռոտախոսությամբ հայտարարում էին, որ աննախադեպ բարձր նշաձող են սահմանել 2022 թվականի համար, մասնավորապես՝ 7 տոկոսանոց տնտեսական աճ, բյուջեի ծախսային մասի 18,2 տոկոսանոց աճ, կապիտալ ծախսերի 60 տոկոսանոց աճ, հարկային եկամուտների 28 տոկոսանոց աճ և այլն։ Արդեն կարող ենք գնահատել 2022 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի հիմնական ցուցանիշները, որոնք մեղմ ասած մտահոգիչ են և հեռու պլանային ցուցանիշներից։

Եվ այսպես՝

2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր կատարել 420,2 մլրդ դրամի ընթացիկ ծախսեր, սակայն փաստացի կատարել է 362,2 մլրդ դրամի ծախս, այսինքն՝ շուրջ 13,8 տոկոսով թերակատարվել է ընթացիկ ծախսերի բյուջեն։ Ուշագրավ է, որ 2022 թվականին փաստացի ընթացիկ ծախսերը 2021-ի համեմատ ավելացել են ընդամենը 1,8 տոկոսով(սա 7 տոկոսանոց գնաճի պայմաններում)։

2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր կատարել 67,2 մլրդ դրամի կապիտալ ծախսեր(ճանապարհաշինություն, ջրամբարների կառուցում, դպրոցաշինություն և այլն), սակայն փաստացի կատարել է 34,6 մլրդ դրամի ծախս, այսինքն՝ շուրջ 48,5 տոկոսով թերակատարվել է կապիտալ ծախսերի բյուջեն։ Ուշագրավ է, որ 2022 թվականին փաստացի կապիտալ ծախսերը 2021-ի համեմատ նվազել են 29,4 տոկոսով։ Այսինքն՝ նույնիսկ անցած տարվա ցուցանիշը չեն կարողացել ապահովել։

2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր հավաքել 395,4 մլրդ դրամի հարկեր, սակայն փաստացի հավաքել է 400,6 մլրդ դրամի հարկեր, այսինքն՝ շուրջ 1,3 տոկոսով ավելի շատ հարկ է հավաքել(սա 7 տոկոսանոց գնաճի, Քաջարանի կոմբինատի 15 մլրդ-անոց ակտի, մետաղների բարձր գների պայմաններում)։

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ արտաքին գործոններով պայմանավորված՝ 2022 թվականի համար միջազգային կազմակերպությունները կտրուկ նվազեցրել են Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները, նրանց միացել է նաև ՀՀ կենտրոնական բանկը՝ կանխատեսելով 1,5 տոկոս տնտեսական աճ և 6,5 տոկոս գնաճ։ ՀՀ կառավարությունը, թերակատարելով 2022 թվականի բյուջեն, էլ ավելի է վատթարացնելու տնտեսական ցուցանիշները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի թերակատարումը կդանդաղեցնի տնտեսական աճն ոչ միայն այս տարվա, այլ նաև հաջորդ տարիների ընթացքում։ Սա վկայում է պետական համակարգի անարդյունավետ կառավարման մասին, որը լրացուցիչ՝ ներքին պատճառներ է ստեղծում Հայաստանի տնտեսության վերականգման և զարգացման համար։ Անշուշտ, այս իրավիճակում իր վերահսկողական գործառույթները պետք է պատշաճ իրականացնի նաև ՀՀ Ազգային ժողովը, որը հաստատել է 2022 թվականի պետական բյուջեն։ Հետևաբար, մենք հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք։

Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ