Այսօր ավտոերթի 91 մասնակից բերման է ենթարկվել

Այսօր վաղ առավոտյան Երևանում 5 տարբեր ուղղություններով մեկնարկած ավտոերթի մասնակիցները ավտոերթի գրեթե ավարտին բերման ենթարկվեցին, իսկ նրանց մեքենաները տարվեցին տուգանային հրապարակ։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տեղեկացրել է, ավտոերթի մասնակիցներից 91 անձ բերման է ենթարկվել։

Տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաների թիվը չի հստակեցվել, քանի որ դեռևս շարունակվում է մեքենաների տեղափոխումը տուգանային հրապարակ։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):