ՌԴ ներկայությունը խանգարում է Ադրբեջանին` Հարավային Կովկասի քարտեզը վերագծելու հարցում. Լեպեխին. NEWS.am

Որոշակի նմանություն կա Լեռնային Ղարաբաղում և օրինակ Ղրիմում տիրող իրավիճակների միջև: Ղրիմի հետ կապված իրավիճակում Ռուսաստանի համար շատ կարևոր էր Ղրիմի բնակչության դիրքորոշումը: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն և Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Վլադիմիր Լեպեխինը:

«Ղրիմի բնակչության 80 տոկոսը ռուսներ էին: Նրանք ցանկանում էին միանալ Ռուսաստանին: Ռուսաստանը գնաց դրան: Տվյալ իրավիճակում ռուսական կողմն ուշադրություն է դարձնում Արցախում ապրող մարդկանց տրամադրվածությանը: Արցախում, իհարկե, հանրաքվե պետք է անցկացվի, որպեսզի այդ կարծիքն արձանագրվի»,- ընդգծել է փորձագետը:

Նրա խոսքով՝ Արցախի կարգավիճակի մի քանի տարբերակներ կան. առաջինը՝ Ադրբեջանի կազմում, երկրորդը՝ որպես անկախ պետություն, երրորդը՝ Հայաստանի կազմում և չորրորդը՝  Ռուսաստանի:

Այս առումով փորձագետը նշել է, որ առաջին կետով արցախցիները նույնիսկ չեն արտահայտվի, այլ կդիտարկեն մյուս երեքը: Ի դեպ, գնալով քչանում է արցախցիների թիվը, որոնք կողմ են Արցախի՝ Հայաստանի կամզում կարգավիճակին, քանի որ Հայաստանի ղեկավարությունը վանում է Արցախը:

«Այն իրավիճակում, երբ Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են ակտիվացնել բանակցություններն Արցախի հարցով և Եվրոպային խնդրում են արագ որոշել կարգավիճակը, իրականում խոսքը միայն առաջին տարբերակի մասին է, այսինքն՝ արձանագրել ներկա իրավիճակը՝ Արցախը Ադրբեջանի կազմում և փակել խնդիրը: Այսինքն, Հայաստանի ղեկավարությունն իրականում չի պաշտպանում Արցախի շահերը»,- ընդգծել է Լեպեխինը:

Նրա խոսքով,  Հայաստանը պետք է հետևի Ռուսաստանի դիրքորոշմանն այդ առումով, որպեսզի այդ հարցի լուծումը հետաձգվի, քանի որ Հայաստանին ամրապնդվել է պետք: Հայաստանին ժամանակ է պետք ապագային առավել վստահ նայելու համար:

Լեպեխինն ընդգծել է, որ Ադրբեջանը, իհարկե, ցանկանում է ձերբազատվել ռուսական ռազմական ներկայությունից Արցախում, քանի որ դա միակ խոչընդոտն է Ադրբեջանի համար, որպեսզի ամբողջությամբ վերագծի Հարավային Կովկասի քարտեզն իր օգտին: