«Ազգային անվտանգություն» կուսակցության վարչության հայտարարությունը

«Ազգային անվտանգություն» կուսակցության վարչությունն այսօրվա նիստում քննարկեց մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ներքաղաքական օրակարգին, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության գոտու իրավիճակին և հետխորհրդային երկրներում դրան տրվող արձագանքին։

«Ազգային անվտանգություն» կուսակցությունը դատապարտում է Լատվիայի Հանրապետության Սեյմի որոշումը հանրապետության մայրաքաղաքում Ազատարար զինվորի հուշարձանն ապամոնտաժելու մասին։ Կուսակցության վարչությունը համոզված է, որ նման գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ նացիզմի վերականգնում Եվրոպայում, որն արմատախիլ էր արել Խորհրդային Միությունը 1945թ., և անարգանք խորհրդային Մեծ զինվորի հիշատակի հանդեպ, որը Եվրոպան և աշխարհը փրկեց նացիստական ժանտախտից։

«Ազգային անվտանգություն» կուսակցությունը հուշարձանի ապամոնտաժման հարցը դիտարկում է նաև հայ ժողովրդի ազգային զգացումների պրիզմայով, քանզի Ռիգայի և Լատվիայի տարածքի մեծ մասի ազատագրողը Մերձբալթյան 1-ին ճակատի զորքերն էին՝ բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ։ Հետևաբար, «Ազգային անվտանգություն» կուսակցությունը արդարացիորեն Ազատարար զինվորի հուշարձանը համարում է անձամբ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, և հայ մեծ Զինվորի հուշարձանի ապամոնտաժումը Լատվիայի Հանրապետության մայրաքաղաքում չի կարող ցավագին անդրադարձ չունենալ Հայաստանի քաղաքացիների ազգային զգացումների վրա։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ «Ազգային անվտանգություն» կուսակցությունը խնդրում և հորդորում է լատվիացի քաղաքական գործիչներին հրաժարվել արատավոր որոշումից, որն օգուտ չի բերի Լատվիայի բազմազգ ժողովրդին, ավելին՝ կվնասի հանրապետությունում ազգամիջյան համաձայնությանն ու ռուս-լատվիական հարաբերություններին, քանի որ կասկածի տակ է դնում Ռուսաստանի Դաշնության և Լատվիայի Հանրապետության միջև հիմնարար պայմանագիրը, ինչն էլ հղի է անկանխատեսելի հետևանքներով։ «Ազգային անվտանգություն» կուսակցությունն առաջարկում է Հայաստանի և նրա սահմաններից դուրս գտնվող բոլոր հայրենասիրական ուժերին միանալ սույն հայտարարությանը։

 

«Ազգային անվտանգություն» կուսակցության վարչության նախագահ Գառնիկ Իսագուլյան 

14․05․2022