ՌԴ-ն և ՀԱՊԿ գործընկերները չեն ընդունում Արևմուտքի քայլերը. Լավրով

Ռուսաստանն ու ՀԱՊԿ գործընկերները դեմ են Արևմուտքի միակողմանի գործողություններին, որոնք ուղղված են առևտրային և լոգիստիկ կապերի քայքայմանը:

Տաջիկստանի մայրաքաղաքում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։

«Մենք մեր բելառուսցի, ղազախստանցի և մյուս գործընկերների հետ քննարկեցինք այն միակողմանի գործողությունները, որոնք ուղղված են տնտեսական, առևտրային, լոգիստիկ, տրանսպորտային կապերի քայքայմանը։ Բոլորն ընդգծեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շրջանցող միակողմանի պատժամիջոցների անթույլատրելիությունը»,- ասել է Լավրովը լրագրողներին։

Նրա խոսքով` Արևմուտքի երկրները փորձում են վնասել ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերությունները՝ փորձելով ամրապնդել սեփական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում:

«Մենք քննարկեցինք Կենտրոնական Ասիայի իրադրությունը` հաշվի առնելով այն փորձերը, որոնք մեր արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն, ձեռնարկում են այդ տարածաշրջանի նկատմամբ», – ասել է Լավրովը: