Այսօր մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է

Մայիսի 12-ը մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է:

Նա ծնվել է 1921 թվականին, Վրաստանի Գորի քաղաքում:

Կոմպոզիտորը 1941 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Վարդգես Տալյանի դասարանը: Կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1948 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Սկզբնական շրջանի ստեղծագործությունների մեջ առանձնանում են Ա. Իսահակյանի և Ե. Չարենցի խոսքերով գրված ռոմանսները՝ «Ասում են, թե․․․» (1939թ.), «Երազ տեսա» (1941թ.), «Հայրենիքն է կանչում» խմբերգը (1941թ.):

Նա գրել է նաև երաժշտություն կինոֆիլմերի համար՝  «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1956թ.), «Փլուզում» (1959թ.), «Այսօր արևոտ օր է» (1971թ.), «Քաոս» (1973թ.), «Հեղկոմի նախագահը» (1977թ.), «Աքսորական համար 011» (1978թ.), «Խաչմերուկի դեղատունը» (1988թ.) և այլն: Նրա աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ստեփան Ջրբաշյանը, Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ:

Արժանացել է բազմաթիվ պարգևների։ 1963 թ. արժանացել է Հայաստանի, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: 2013-ից Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանվել է Էդվարդ Միրզոյանի անունով, իսկ Երևանում ստեղծվել է կոմպոզիտորի անվան լարային քառյակ: Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են թավջութակի և դաշնամուրի սոնատը, սիմֆոնիան՝ լարային նվագախմբի և լիտավրների համար:

Հայաստանի կոմպոզիտորների միությունը 2014 թվականից կազմակերպում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, որը կրում է մեծանուն հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը:

Մահացել է Երևանում՝ 2012թ․ հոկտեմբերի 5-ին։