Հայաստանն ամեն ինչ անում է, որ Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ծրագիրն օր առաջ իրականություն դառնա. Մհեր Գրիգորյան

Հայաստանն ամեն ինչ անում է, որ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրն օր առաջ իրականություն դառնա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը տարածաշրջանային նշանակություն ունի և  շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ համակարգի, տարածաշրջանային էներգետիկ տրանզիտի համար:

«Դրան զուգահեռ, տեղի է ունենում ԵԱՏՄ միասնական շուկայի կանոնների իմպլեմենտացիա, ինչը նշանակում է, որ դա մի շատ կարևոր ենթակառուցվածք է, որը Իրանին հնարավորություն է տալիս մեր միջոցով միանալ այդ միասնական շուկային: Հույս ունենք, որ հարավային մասը մինչև տարեվերջ կավարտենք , ընդ որում դա ամենաբարդ մասն է լինելու, իսկ հյուսիսային մասը դեպի Վրաստան, ծրագրից առնվազն չենք շեղվել այս պահին»,-ասաց նա: