Մարտակերտում «Ռուսական կենտրոն» է բացվել

Արցախի առաջին «Ռուսական կենտրոնը» բացվել է Մարտակերտում, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան հ.1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը։

«Այն ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի տարածման համար նպաստավոր կլինի։ Կենտրոնը բացվեց մշակույթի տանը հատկացված անկյունում, որը վերջերս բարեկարգվեց ու հարստացավ համապատասխան գույքով բարեգործ անհատների մարդասիրական օգնությամբ»,–գրել է Պողոսյանը։

Նա հայտնել է, որ դեռևս ամիսներ առաջ էին սկսվել ռուսերենի պարապմունքները, որ վարում էր ռուսաց լեզվի մասնագետ Սոֆյա Պետրոսյանը։ Երկամսյա դասընթացները բարեհաջող են ավարտվել` աշակերտները վկայականներ են ստացել։ Այս օրերին մասնագետը երկրորդ խմբի հետ է աշխատում։ Ուսուցիչը նշել է, թե Արցախում ռուս խաղաղապահները տեղացիների խաղաղ կյանքն են ապահովում, հետևաբար անհրաժեշտություն է դառնում ռուսերենի լրացուցիչ իմացությունը։

Նրա խոսքով` հավանական է, որ նման կենտրոններ կբացվեն նաև մյուս շրջաններում: