Ոստիկաններ, ինքներդ ձեր մեջ որոշեք` հա՞յ եք, թե՞ հայի թշնամի, ոստիկա՞ն եք, թե՞ ենիչերի…

Ոստիկաններ, ինքներդ ձեր մեջ որոշեք` հա՞յ եք, թե՞ հայի թշնամի, ոստիկա՞ն եք, թե՞ ենիչերի, և հնարավորինս արագ որոշեք ձեր ինքնությունը, արագ կողմնորոշվեք` ջրբաժանի ա՞յս, թե՞ այն կողմում եք: Արա՛գ, որովհետև դրա համար չափազանց քիչ ժամանակ է մնացել ձեզ, հետո այլևս ոչ մի արդարացում չի ընդունվելու:

Որոշեք ում օրակարգն եք սպասարկում ` հայի՞, թե՞ թշնամի թուրքի, հայոց եռագույնը և Արցախի դրոշը պաշտպանողնե՞րն եք, թե՞ այն Դիմադրության շարժման մասնակիցներից խլողները կամ նույնիսկ պղծողները, Հայաստանը տորթի պես կտրող, կտորները մեկը մյուսի ետևից արտաքին թշնամուն` Ադրբեջանին նվիրող Հայաստանի գերագույն գլխավոր դավաճանի կամ թիվ 1 ներքին թշնամու կո՞ղմն եք, թե՞ հայ ազգի:

Միայն թե կեղծավորաբար չասեք, թե ոչ մեկի կողմն էլ չեք, ապաքաղաքական եք, ընդամենը իրավակարգի կողմն եք և պաշտպաններն իրավակարգի, դրա համար էլ չեք կարող հանդուրժել փողոցներ փակելը, որովհետև դրանով այլոց ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքն է խախտվում: Իսկապե՞ս… Բայց այդ դեպքում անձամբ ես ձեզանից ու ձեր ամենավերին ղեկավարությունից հաշիվ ունեմ պահանջելու` 2018թ. գարնանը փողոց փակողների հանդեպ հանդուրժող լինելու, սահմանադրական իմ և բազմահազար ուրիշների նույն իրավունքի խախտման ու նույնիսկ բացահայտ հանցագործությունների, խուլիգանության ակնհայտ դրսևորումների նկատմամբ անտարբեր լինելու, Հայաստանի օրենսդրությունից բխող միջոցառումներ չձեռնարկելու համար: Ո՞ւր էիք այն ժամանակ, ո՞ւր էիք մտել…

Եթե իրավակարգի պաշտպաններն եք, ապա ինչո՞ւ բերման չենթարկեցիք և համապատասխան միջոցառումներ չձեռնարկեցիք դեպի Գյումրի ավտոերթի մասնակիցներից, Հայաստանի թրքացման դեմ պայքարողներից Հայաստանի դրոշը խլած անձի (ծագումնաբանորեն հավանաբար սերունդը ոչ վաղ անցյալում Շիրակի մարզում բնակված ադրբեջանցիներից մեկի) և, ընդհանրապես, ավտոերթի մասնակիցների, նաև իմ գործընկերների ճանապարհը փակած, ինչպես նաև նախօրեին Վանաձորում նույն շարժման հանրահավաքը լկտիաբար խոչընդոտող անձանց նկատմամբ:

Բախումներից, իրավիճակի առավել սրումի՞ց էիք խուսափում… Համարենք, թե այո, բայց այդ դեպքում նույն բախումներից, իրավիճակի առավել սրումից ինչո՞ւ չեք խուսափում, ինչո՞ւ չեք զգուշանում, երբ հարձակվում եք փողոցները, խաչմերուկները մի քանի րոպեով արգելափակող Դիմադրության շարժման մասնակիցների վրա:

Իմացե՛ք, հայ ազգը որքան էլ համբերող, բայց իր ցասման մեջ ահարկու ու խստորեն պատժող է, եթե ազգի նվիրյալները որոշեցին սրբազան վրեժի անցնել: Մի քիչ պատմություն կարդացեք…

Անկախ նրանից, թե Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակն ինչ հանգուցալուծում կունենա, պատասխանատվությունից չեն խուսափելու բոլոր նրանք, ովքեր ցուցարարներին, երթի մասնակիցներին, փողոցները, խաչմերուկներն արգելափակողներին ոչ թե սոսկ բերման են ենթարկում, այլև հարվածում, հայհոյում, ասֆալտին փռում, մարմնական վնասվածք պատճառում, ոտնձգություն կատարում նրանց արժանապատվության նկատմամբ: Համապատասխան տեսագրությունները, լուսանկարները ժամանակին կդրվեն վերոնշյալ արարքների հեղինակների առջև: Հայաստանի թիվ 1 թշնամու հետ միասին պատասխանատվությունից չեն խուսափելու նաև ոչ միայն ոստիկանության, այլև իրավապահ ողջ համակարգի բոլոր քաղաքական պոռնիկները:

Հաստատ գիտեմ, որ ոստիկանության համազգեստ կրողներից բոլորը չէ, որ ենիչերի են, Հայաստանի գերագույն գլխավոր դավաճանի, թիվ 1 ներքին թշնամու կամակատար գործիքներ, հետևաբար խոսքս նրանց չէր ուղղված, այլ դեռևս չկողմնորոշվածներին… Տղերք հնարավորինս համբերող, հանդուրժող ու զուսպ եղեք հայերիս նկատմամբ, բոլոր նրանց, ովքեր Արցախի մնացյալ շուրջ 25 տոկոսի, Սյունիքի կորստի, Տավուշի և Արարատի մարզերից մասեր կտրելու և Ադրբեջանին վաճառելու կամ նվեր տալու, Հայաստանի թրքացման դեմ են դուրս եկել, ովքեր պայքարում են ոչ միայն իրենց և իրենց զավակների, այլև ձեր ու ձեր սերնդի անվտանգ և արժանապատիվ կյանքի համար:

Տղերք հնարավորինս համբերող, հանդուրժող ու զուսպ եղեք, չարի վերջին քիչ է մնացել:

 

Արթուր Հովհաննիսյան