Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը երկար տարիներ կպահանջի
Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կարող է տևել տարիներ և նույնիսկ տասնամյակներ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում Եվրոպայի ապագային նվիրված համաժողովում, փոխանցում է BFMTV-ն։
«Մենք բոլորս գիտենք, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կարող է տևել երկար տարիներ և նույնիսկ տասնամյակներ: Եկեք անկեղծ լինենք, Եվրամիությունը չի կարող լինել եվրոպական աշխարհամասի միակ կառույցը»,- BFMTV-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Կիևը փետրվարի 28-ին պաշտոնապես հայտ է ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար, իսկ մինչ այդ մի շարք եվրոպական պետությունների ղեկավարներ արտահայտվել են Ուկրաինայի հետ ինտեգրման օգտին։ Արդեն մարտի 1-ին Եվրախորհրդարանն աջակցել է Ուկրաինային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տալու մասին բանաձևին։