Գյումրիի դեպքում նույն սցենարիստներն ու ռեժիսորն է եղել (տեսանյութ)

Իշխանությունը դիմում է ամեն տեսակ սադրանքի: Զգալով, որ ամեն օր հայտնվում են ավելի վատ դրության մեջ, նրանք չեն խոշրում որևէ հնարք օգտագործելուց:

Երեկ դեպի Գյումրի տեղի է ունեցել խաղաղ ավտոերթ, որին հաջորդել է բազմահազարանոց խաղաղ հանրահավաքը: Երթի ամբողջ ճանապարհին ավտոերթի մասնակիցների համար պատրաստված են եղել սադրանքներ: Տարբեր դերերում հանդես եկած մարդիկ` ներկայանալով էլ զոհվածի ծնողներ, էլ գյումրեցիներ հայհոյել են ավտոերթի մասնակիցներին, նրանց ուղղությամբ նետել քարեր, ներկայացրել անտրամաբանական պահանջներ (գերիների վերադարձ):

Այս ամենն արժանացել է բացառիկ զուսպ արձագանքի: Ամեն տեղ մարդիկ համբերատար խոսել են բոլորի հետ, ներկայացրել իրավիճակը: Դեպք է արձանագրվել, երբ ճանապարհը փակած անտեղյակ մարդկանցից մեկը, հասկանալով, ինչ ծուղակում է հայտնվել, համբուրել է ավտորթի մասնակիցներից մեկի ճակատը:

Ավտոերթը ոչ միայն բարեհաջող հասել է Գյումրի, այլև կարևոր հանրահավաք անցկացրել այնտեղ և վերադարձել:

Բայց որպեսզի պատկերացնեք կատարվածի պետական մակարդակով կազմակերպվածության աստիճանը, իմացեք, որ սադրիչների հետ է եղել նաև Հայաստանի Առաջին ալիքի թիմը: Այն նույն Առաջին ալիքի, որը չի լուսաբանում ամենամեծ հակաթուրքական ակցիան` Ջահերով երթը, պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը:

Դեպքի վայրում են եղել փոխոստիկանապետը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը:

Եվ ահա այսօր համացանցում մի տեսանյութ է տարածվում, որտեղ խառնաշփոթի մեջ դժվար է հասկանալ` ինչ է կատարվում:

Ու սկսվում է կազմակերպված արշավը Դաշնակցության երիտասարդականի մի քանի անդամների նկատմամբ, իբրև նրանք ծեր մարդ են ծեծել:

Հասկանալի է, իշխանությունը միանգամից մի քանի խնդիր է փոձրում լուծել. հող է նախապատրաստում այս շարժման ոգին ապահովող մի քանի անհատների մեկուսացնելու, շարժումը վարկաբեկելու և հատկապես Դաշնակցության երիտասարդականին հարվածելու համար:

Մեր գիտակից հանրության համար կարևոր եմ համարում արձանագրել.

Երեկ բռնության որևէ դեպք չի գրանցվել: Երիտասարդները պարզապես ապահովել են իրենց անխոչընդոտ տեղաշարժը: Չնայած բոլոր ծրագրերին` հաջողվել է զերծ մնալ սադրանքներին տրվելուց:

Երիտասարդները, որոնց մասին այսօր ամենաստոր ստերն են տարածվել Ապրիլյան և Քառասունչորսօրյա պատերազմների մասնակիցներ են: Բայց որ ավելի կարևոր է, գիտակցված ընտրությամբ հայեր են. առանց վարդագույն ակնոցի նայում են մեր երկրին ու հասարակությանը և այն անսահման սիրում են ու երբ հարկը կա՝ կյանքը վտանգելու գնով պաշտպանում են: Երիտասարդներից մեկը վիրավորումից հրաշքով է փրկվել վերջին պատերազմին:

Ինչու եմ սա ասում, որովհետև ամեն անգամ ճակատ մեկնելիս իրենք քաջ գիտակցում են, որ մենք` որպես հասարակություն հեռու ենք կատարյալ լինելուց, բայց ամեն անգամ առանց վայրկյան իսկ տատանվելու գնում են նաև այն մարդկանց պաշտպանելու, ովքեր երեկ իրենց դեմ սադրանք էին կազմակերպում:

Գնում են, որպես պարտականություն անում են իրենց գործը, արածի մասին չեն պատմում ու խոնարհ հերոսների պես վերադառնում են իրենց առօրյային ու բախվում սենց դեպքերի:

Բայց մեկ է՝ չեն հիասթափվում, որովհետև գաղափարական են, որովհետև ուխտել են ամեն գնով ծառայել հայրենիքին: Այս մարդիկ մահը տեսած ու այն հաղթած մարդիկ են, նիկոլի քարոզչությունն ինչ է, որ չհաղթեն դրան:

Իսկ ներքևի տեսանյութում բացահայտեք ինքներդ ձեր համար այս օրերին ընդդիմության դեմ աշխատանքի ամենաստոր մեթոդներից մեկը: Ու իմացեք, որ Գյումրիի դեպքում նույն սցենարիստներն ու ռեժիսորն է եղել:

Համազգային շարժման ակտիվիստ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից