Իշխանությունը սադրիչներ է ուղարկել Ֆրանսիայի հրապարակ․ Իրավապաշտպանը մանրամասնում է միջադեպը (տեսանյութ)

Քիչ առաջ իշխանությունը սադրանք է կազմակերպել Ֆրանսիայի հրապարակին հարակից Մոսկովյան փողոցում։ AntiFake.am–ի թղթակցի փոխանցմամբ՝ մի ավտոմեքենա 2018 թվականի իշխանափոխության ընթացքում հայտնի դարձած «Դուխով» երգը բարձր միացրած մոտեցել է Ֆրանսիայի հրապարակին և մի քանի պտույտ տվել։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ի սկզբանե ուշադրություն չեն դարձրել սադրանքին։ Սակայն ավտոմեքենայի «դուխով» վարորդն ու ուղևորները չեն բավարարվել մի քանի պտույտ տալով։ Նրանք շարունակել են «Դուխով» երգը միացրած վարել ցուցարարներին զայրացնելու նպատակով այնքան ժամանակ մինչև մի քանի ցուցարարներ հորդորել են սադրիչներին հեռանալ այնտեղից։ Բայց սադրիչներից մեկը սկսել է հայհոյել հավաքվածներին, ինչից հետո իրավիճակը թեժացել է։ Քաղաքացիները «լարել են» սադրիչներին Մոսկովյան փողոցից, որոնք, չհաջողացնելով ավարտին հասցնել իրենց սադրանքը, փախել են այնտեղից։ AntiFake.am–ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հրապարակում նստացույց իրականացնող ցուցարարները սադրանքի հեղինակներին կապում էին «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավորի հետ։

Դեպքի ավարտին ականատես է եղել ու միջամտել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Իրավապաշտպանի խոսքով՝ սադրիչները դիտավորությամբ փորձել են զայրույթ հարուցել Ֆրանսիայի հրապարակում նստացույց իրականացնող ցուցարարների շրջանում՝ միացնելով 4 տարի առաջ տարածված այն երգը, որով Փաշինյանը մարդկանց խաբելով եկավ իշխանության։ Սադրիչների նպատակն էր, որպեսզի ֆիզիկական հաշվեհարդար տեղի ունենա։ Մելիքյանը պատմեց, որ նրանք այդ երգը միացրած 4–5 պտույտ են տվել, ինչից հետո ցուցարարները նրանց նկատողություն են արել, որ վերջիններս հեռանան այնտեղից, դրանից հետո մորուքով և սպիտակ շապիկով սադրիչներից մեկը սկսել է հայհոյանքներ տալ՝ սադրելով, որպեսզի հարվածներ լինեն։

«Նրանք ուզում էին ծեծ ուտել, որ հետո ասեին՝ տեսեք ինչ են անում Ֆրանսիայի հրապարակում։ Բարեբախտաբար դա տեղի չունեցավ։ Դասական սադրանք էր, որն իր արդյունքը չտվեց։ Իսկ այստեղ կանգնած ոստիկանները պարտավոր էին ձերբակալել առաջին հայհոյանքը տվողին, որովհետև նույն այդ երգի հեղինակների գրած օրենքով՝ դա արգելված է։ Պարտավոր էին ձերբակալել ու քրեական գործ հարուցել «ծանր վիրավորանքի» հոդվածով, մինչդեռ դա չարեցին, ու այդ քաղաքացին հիմա ազատության մեջ է»,– պատմեց իրավապաշտպանը։

Մելիքյանն ընդգծեց, որ սադրանքը ձախողվեց, քանի որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված են քաղաքակիրթ մարդիկ։

Մանրամասները՝ տեսանյութում․