Տարիներ են անցել, մինչև այսօր չեմ մոռանում այդ զարհուրելի հրեշի կերպարն ու խոսքը․ «Ցեղանենգ շեյթանը» գրվածքից մի դրվագ

Հայկ Ասատրյանի «Ցեղանենգ շեյթանը» գրվածքից մի դրվագ բերեմ: Հեղինակը նկարագրում է ուղիղ 102 տարի առաջ Շիրակում ականես եղած մի զազրելի իրադարձություն: Նույնը տեղի ունեցավ այսօր: Կարդացեք, համեմատեք, համոզվեք….

«Հայ ցեղանենգ շէյթանի կենդանի տիպին առաջին անգամ հանդիպել եմ 1920թւականի գարնան Շիրակի Հոռոմ գիւղում։Մայիսեան ծանօթ դէպքերի օրերն էին…., զօրքի մի մասը մոլորւելով կոյր գործքի էր դարձել խռովարար մեծամասնականների ձեռքը։Արագածի լանջերով գնում էինք Աղէք-Պոլ զսպելու խռովարարները։ Մտանք Հոռոմ մեծ գիւղը։

….Բոլշևիկ զրանենգները(պրովոկատոր) լուր էին տարածել Շիրակի գիւղերում, թէ Աղէք-Պոլում սկսված պայքարը ռուսահայի եւ տաճկահայի կռիւ է, թե Դաշնակցութիւնն աչառու կերպով պաշտպանում է տաճկահայերին, սովորականից և կարիքից աւելի նպաստ է տալիս նրանց և ծրագրել է Շիրակի ռուսահայ գիւղացիները այլուր փոխադրելով` գիւղերը բնակեցնել սասունցիներով։

….Ինձ վիճակւած էր դառն մի պարտականութիւն- բացատրել ամենատարիքոտ, ասել է` ամենակասկածամիտ հոռոմցիներին, մեր համացեղային և համահայաստանեան գաղափարաբանութիւնն ու քաղաքականութիւնը։

Նկարագրեցի հայրենակարօտ սասունցու և առհասարակ տաճկահայերի վիշտը, խօսեցի նրանց բուռն տենչի մասին` օր առաջ երկիր վերադառնալու….: Գիշերւայ ժամը 2-ն էր. կարծեցի,որ էլ թերահաւատ չմնաց. խօսքս փակեցի։ Բայց ահա՛ սենեակի աղօտ մի անկիւնից բարձրացաւ կարճահասակ մի մարդ և ասաց հետեւեալը.- «….Երկու տարի առաջ (ակնարկում է 1918-ը)թուրքը մտաւ մեր գիւղը։ Ես ունեի երեք տղայ և մի աղջիկ։ Փոքր տղաս և աղջիկս փախան Երևանի կողմերը, ազատւեցին և հիմա վերադարձել են ու օջախս շէնացրել։ Գիւղացիները գիտեն, թէ ինչ եղաւ ամուսնացած երկու տղաներիս և նրանց հարսների ճակատագիրը։ Տղաներս մորթեցին աչքիս առաջ և նրանց հարսները բռնաբարելով մեռցրին` դարձեալ աչքիս առաջ։ Հիմա վերադարձած միակ տղաս ամուսնացած է և ունի մի սիրունիկ հարս։ Աղջիկս էլ խօմ սիրուն է և հասած։ Ուզում եմ, որ թուրքը կրկին գայ, էդ տղէն էլ աչքիս առաջ մորթի, հարսս ու աղջիկս աչքիս առաջ բռնաբարելով մեռցնի, միայն թէ սասունցին չգայ ու ինձ չասի` «բարև՛ քեզ աղբէր ջա՛ն»։

…. Տարիներ են անցել, մինչև այսօր չեմ մոռանում այդ զարհուրելի հրէշի կերպարանն ու խօսքը։ Կարծում էի, որ նա մեր ժողովրդի մէջ հիւանդագին մի բացառութիւն է, հայ ցեղանենգ շէյթանականութեան եզակի վիժւածքը։

Յետո՞յ. յետոյ լսեցի, որ նոյն 1920 թւականի աշնան, Կարսում ուրիշ Սաքիներ մեր զինւորների ականջին շշնջացել են. «ինչու՞ եք կռւում. թուրքի հետ մենք եղբայրացել ենք, եկողը մեր եղբայրն է, մի զարկէ՛ք»։- Աղեքսանդրապոլի անկման օրը հայ բոլշևիկները կազմում են 50-60 հոգինոց մի «թափօր» և հաղթակա՛ն հուրրաներով դիմաւորում են Կարա-Բէքիրին»։

Հ. Գ. Կանխել է պետք համազգային աղետը:

 

Պատմաբան Խաչատուր Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից