ՊԲ-ի զինվորականները մասնակցել են Եռատոնի միջոցառումներին (լուսանկարներ)

Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական ու ոգեկոչման արարողություններին ամենաակտիվ կերպով ներգրավվել են նաև ՊԲ-ի զինվորականները:

Նախքան բուն միջոցառումների մեկնարկը և տոնական ու հետտոնական օրերին բարեկարգվել են զորամասերն ու հարակից հուշարձանների տարածքները, կազմակերպվել մաքրման ու ծառատնկման աշխատանքներ,կազմակերպվել պատմաճանաչողական արշավներ ու մշակութաժամանցային միջոցառումներ:

Յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդն ու իմաստային բովանդակությունը, որը ամբողջ խորությամբ սերունդներին փոխանցելու առումով անփոխարինելի նշանակություն ունեն արիության դասերը,աշակերտների և ուսանողների հետ անցկացվող տարաբնույթ միջոցառումները:

Այս համատեքստում մայիսի 6-ին Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում անց են կացվել դաս-միջոցառումներ ՝զինվորականների մասնակցությամբ, որոնք կրում էին «Միասնություն՝ հանուն ապագայի» հավաքական խորագիրը:

Արցախի պետական համալսարանում օրվա խորհուրդը ուսանողներին են փոխանցել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանն ու ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը

Անդրադառնալով տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական առկա և հավանական զարգացումներն ու դրանց հավանական ազդեցությանը Արցախի Հանրապետության վրա , բանակի հրամանատարը ներկայացրել է նաև այն համալիր գործընթացները, որոնք իրականացվում են մեր երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

Մայիսի 7-ին ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը այցելել է հայրենական մեծ պատերազմի 102-ամյա վետերան Մեսրոպ Իսրայելի Պողոսյանին, շնորհավորել Հաղթանակի օրվա կապակցությամբ,հանձնել նվերներ ու մաղթել ամուր առողջություն:

Վաստակաշատ զինվորականը, որը այսօր էլ հպարտությամբ է կրում զինվորական համազգեստն ու կապիտանի ուսադիրները, շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին ՝ ցուցաբերած ուշադրության համար և իր լավագույն մաղթանքները փոխանցել հայրենիքի մերօրյա պաշտպաններին:

Մայիսի 8-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում մատուցվել է ավանդական պատարագ ու հնչեցվել հանրապետական մաղթանք: Ներկա են եղել ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները՝ ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի գլխավորությամբ, պետական այրեր, ժամկետային զինծառայողներ, հավատացյալներ:

Որպես պատարագիչ հանդես է եկել ԶՈՒ հոգևորառաջնորդ ՏերՄովսես վարդապետ Սարգսյանը:

Մայիսի 9-ին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հանրապետության ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչները ժողովրդի հետ միասին Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել պատմական տարբեր ժամանակահատվածներում վասն հայրենյաց նահատակված հերոսների հիշատակին, ևս մեկ անգամ հավաստելով մեր հավատարմությունը նրանց դավանած արժեքներին

Ժամը 11:00՝ ԼՌՈՒԹՅԱՆ ՐՈՊԵ…

Նույն օրը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպեսկոպոս Աբրահամյանի կողմից իրականացվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայրենական մեծ պատերազմում, արցախյան 1-ին , ապրիլյան ու 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների:

Այնուհետև իրականացվել է Խաչերթ ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Եռատոնին նվիրված բոլոր միջոցառումների խորհուրդը այն էր, որ անկախ ամեն ինչից, մեր ժողովուրդը շարունակում է ապրել ու արարել, և չմոռանալով անցյալը, տրամադրված է վճռական՝ իր վաղվա օրն ու հետագա հաղթանակները կերտելու հարցում: