Սուրեն Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր

Հայաստանը հերթական մեդալը նվաճեց հունական Իրակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում:

Այսօր պայքարի մեջ մտած մեր 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում 155 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և արժանացավ փոքր բրոնզե մեդալի: Հրում վարժությունում մեր ծանրորդը 185 կգ արդյունքով դարձյալ նվաճեց փոքր բրոնզե մեդալ, սակայն երկամարտի 340 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ: Աշխարհի չեմպիոն հռչակվեց ուկրաինացի Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ):

Այս քաշային կարգում հանդես եկած մեր մյուս ծանրորդ Գևորգ Ղահրամանյանը հրում վարժությունում զրո ստացավ և դուրս մնաց հաշվարկից:

Վաղը նախատեսված ծրագրով Հայաստանից հանդես կգան Միլենա Խաչատրյանը (81 կգ, աղջիկներ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ):