«Ես էլի պնդում եմ, որ իմ կայացրած դատական ակտը օրինական է և հիմնավոր». դատավոր Բորիս Բախշիյանը ազատ արձակվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանը քիչ առաջ ազատ արձակվեց:

«Ես ինչպես 3 ամիս առաջ, այսօր էլ նույն կարծիքին եմ և պնդում եմ, որ սա ուղղակի միջամտություն էր դատավորի իմ գործունեությանը, ընդ որում բիրտ և այն ինչ ներկայացրել են հիմնավորումով իմ պաշտպանները, որևէ բան չի փոխվել: Ես էլի պնդում եմ, որ իմ կայացրած դատական ակտը օրինական է և հիմնավոր, ինչ ես մտածել եմ, շարադրել եմ այդ դատական ակտի մեջ»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում ազատ արձակվելուց անմիջապես հետո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։