Վոլոդյա Ավետիսյանի և Արման Դավթյանի գործերով ՄԻԵԴ-ը արձանագրել է իրավունքի խախտում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով (մայիսի 3) և Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով (մարտի 1) վճիռներ, որոնցում արձանագրել է իրավունքի խախտումներ, հաղորդում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն:

Դիմումատուների շահերը թե՛ ներպետական դատարաններում, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Վոլոդյա Ավետիսյանի գործ

2022 թ. մայիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտում։

Դիմումատուն հայց էր ներկայացրել ներպետական դատարան՝ նշելով, որ 2013-2015թթ․ ընթացքում գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գերբնակեցված և անմարդկային պայմաններում գտնվող խցում։ Միաժամանակ դատարանից խնդրել էր ճանաչել իրավունքի խախտումը, վերացնել այն և տրամադրել փոխհատուցում խախտված իրավունքի համար։ Սակայն դատարանները հայցադիմումը վարույթ չէին ընդունել և գործը չէին քննել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել էր, որ խցերը, որտեղ պահվել է դիմումատուն, գերբնակեցված են։ Բանտում նաև չի եղել կենտրոնական օդափոխության համակարգ, խցերն օդափոխվել են պատուհանների և օդափոխիչների միջոցով: Ջեռուցման համակարգի բացակայության դեպքում խցերը ջեռուցվել են էլեկտրական վառարանների միջոցով։ Բանտում անընդհատ գարշահոտ է տիրել։ Կալանավորված անձինք ամբողջ օրն անցկացրել են խցերում՝ բացառությամբ զբոսանքի համար նախատեսված մեկ ժամը և քննչական գործողություններին մասնակցության ժամանակահատվածը։ Խցակիցներից ոմանք խցերում ծխել են։ Խցերում հաճախ հանդիպել են ոջիլներ, ուտիճներ և այլ միջատներ, սակայն բանտի ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկել դրանք վերացնելու համար։

Արման Դավթյանի գործ

2022 թ. մարտի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածի խախտում։

2011թ․ Արման Դավթյանը տարվել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ մի քանի ոստիկանների կողմից նա ենթարկվել է բռնության՝ ցուցմունք ստանալու նպատակով։ Դիմումատուին ծեծի են ենթարկել ռետինե մահակներով և մանրահատակի տախտակներով, ինչի հետևանքով կոտրել է մատը, ինչպես նաև էլեկտրահարել են էլեկտրական սարքով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում բովանդակային և ընթացակարգային իմաստով։