Երկու կողմից ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան. Գեղամ Մանուկյան

Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը 5 րոպեով դադարեցնում են իրենց երթևեկությունը, որպեսզի արտահայտենք մեր դիրքորոշումները. հիմա ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ՀՅԴ-ականների գլխավորած երթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Մենք խաղաղ իրազեկման երթ ենք իրականացնում և մեր քաղաքացիները ցանկացած տեղ իրավունք ունեն իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել: Խնդրում և պահանջում ենք իրավապահներին չդիմել սադրանքների, բռնի գործողությունների»,-ասաց նա:

Ներկաները սկսեցին վանկարկել «Նիկոլ մարդասպան», «Տեր ենք մեր հայրենիքին»:

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում և չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։