Նիկոլի հեռացման ճանապարհային քարտեզը բաղկացած է երկու փուլից․ ընդդիմության օրակարգը

Մեզ անհրաժեշտ է կազմակերպվածության նոր մակարդակ․ առաջիկա օրերին մեր թիվը պետք է ավելանա, որպեսզի ոստիկանական, ուժային կառույցները չկարողանան ժողովրդի ցասումը որևէ կերպ կասեցնել։ Այդ մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլը իշխանությունից կհեռանա այն պահին, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ իր իշխանությունը պահել չեն կարող․ ժողովուրդն այնքան անհնազանդ է, որ նրան կասեցնել հնարավոր չէ»,-ասաց Սաղաթելյանը։

Նիկոլի հեռացման ճանապարհային քարտեզը, ինչպես նշեց Սաղաթելյանը, բաղկացած է երկու փուլից․ առաջին փուլը, հանրային պահանջի ձևակերպումը, ըստ որի՝ Փաշինյանը չունի երկիրը զիջումների տանելու մանդատ, ավարտված է։ 2-րդ փուլը՝ նրա իշխանազրկման գործընթացն էլ՝ սկսված։

Վաղն ամբողջ քաղաքը պետք է պարալիզացնել․ հավաքվում ենք այս հրապարակում՝ ժամը 12։00-ին և, բաժանվելով չորս խմբի, պարալիզացնում ենք մայրաքաղաքի մեծ մասը։ Անհնազանդության երթերը պետք է լինեն մեծաթիվ, որպեսզի ոստիկանական ուժերը մեր հայրենակիցներին բերման ենթարկել չկարողանան»,-հայտարարեց Սաղաթելյան։

Շաբաթ օրը նախատեսվում է մեծ ավտոերթ՝ դեպի մարզային բնակավայրեր։ Կոնկրետ ուղղությունը Սաղաթելյանը չհստակեցրեց։