Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կամրապնդեն Հայաստանի էներգետիկ անկախությունն ու ժողովրդավարությունը. ԱԳՆ

Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը, ինչպես նաև ժողովորդավարության ամրապնդմանը՝ ԱՄՆ մայրաքաղաքից տեսակապի միջոցով «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը։

«Ոչ թե միայն խորհրդակցություններ են տեղի ունեցել, այլ ստորագրվել են կոնկրետ փաստաթղթեր, որոնք հուսով եմ, որ կնպաստեն ինչպես Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և անկախությանը, այնպես էլ ժողովրդավարության ամրապնդմանը, որտեղ բավականաչափ մեծ բլոկ է կազմում մեր համագործակցությունը արդարադատության ոլորտում, արդարադատության ռեֆորմների գծով», – նշեց Եգանյանը։

Մայիսի 2-ին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի՝ վերջին տարիների համար աննախադեպ երկարատև՝ հնգօրյա աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ, որի ժամանակ Արարատ Միրզոյանը մի շարք հանդիպումներ ունեցավ ամերիկյան դիվանագիտության բարձրաստիճան ներկայացուցիչների՝ ներառյալ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Եթե չհաշվենք 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն և հանդիպումը պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, նախորդ անգամ Հայաստանի արտգործնախարարին ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը Վաշինգտոնում ընդունել էր գրեթե ինը տարի առաջ՝ 2013-ի հունիսին, պետքարտուղարար Քոն Քերրին՝ նախարար Էդվարդ Նալբանդյանին։

Այս անգամ Վաշինգտոնում ստորագրվել է հայ-ամերիկյան երեք փաստաթուղթ՝ քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին հուշագիրը, ինչպես նաև հակակոռուպցիոն ու իրավապահ ոլորտում բարեփոխումների համատեղ գործողությունների երկու ծրագիր։

Արմեն Եգանյանի խոսքով՝ մեկ տարի է պահանջվել հուշագրի ստորագրումը նախապատրաստելու համար․ – «Աշխարհը առաջ է գնում, կան նոր տեխնոլոգիաներ, մանավանդ միջուկային բնագավառում, և Ամերիկայի պես երկիրն ունի շատ զարգացած տեխնոլոգիաներ, մոտեցումներ։ Եվ այս հուշագրի առկայության պայմաններում մենք հնարավորություն կունենանք օգտվել որոշ չափով նաև ամերիկյան, այսպես ասած, գիտելիքներից, նվաճումներից, փոխանակումներ արվեն մեր գիտնականների միջև։ Եվ արդյունքում՝ ավելի անվտանգ միջուկային թե՛ ատոմակայան, թե՛ ընդհանրապես էներգետիկա ունենանք Հայաստանում»։

ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը, մայիսի 3-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հուշագրին, հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ մատակարարումները։

Հուշագիրը ճանապարհ է բացում միջուկային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության համար. Եգանյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն օրերս «Ազատությանը» փոխանցել էր, թե հայկական նոր ատոմակայանի կառուցման նպատակով ստեղծված հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբն արդեն իսկ սկսել է իր աշխատանքները։

Արմեն Եգանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Երևանը քննարկում է հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման գործում ամերիկյան մասնակցության հարցը։

«Գիտե՞ք, մենք պետք է ընդգծենք, որ Ամերիկան միշտ էլ ներգրավված է եղել, նույնիսկ այս՝ գործող Մեծամորի ատոմակայանում, և մենք տարիների ընթացքում ձեռք են բերել համապատասխան ավտոմատացված համակարգեր Ամերիկայից։ Այսինքն՝ այս համագործակցությունը եղել է։ Ինչ վերաբերում է կոնկրետ Ձեր հարցին՝ այս պահին էդպես քննարկումներ տեղի չեն ունենում։ Ինչպես ես ասացի, այս հուշագիրը առաջին քայլն է, ոչ պարտավորեցնող փաստաթուղթ է, բայց, համենայն դեպս, որը բացում է դուռը ավելի խորը համագործակցության համար», – արձագանքեց ԱԳՆ պաշտոնյան։