«Վերին Լարս» անցակետում 1000 հայկական մեքենա է կուտակվել. Վահան Քերոբյան

«Վերին Լարս» անցակետի վրացական ուղղությամբ 12000 մեքենա է կուտակվել, այդ թվում 1000-ը՝ հայկական: Այս մասին մայիսի 5-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա վստահեցրեց, որ այս հարցով շուտով լուծումներ կգտնվեն։

Փաշինյանն իր հերթին մտահոգություն հայտնեց գյուղատնտեսական ապրանքների արտահանման ակտիվ սեզոնի սկսվելու ֆոնին լոգիստիկ խնդիրների կապակցությամբ։ Նա նշեց տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը, այդ թվում՝ օդային։
Քերոբյանը հայտնեց, որ հունվարին Հայաստանից արտահանման աճը 53 տոկոս է կազմել, փետրվարին՝ 30 տոկոս, իսկ մարտին՝ ընդամենը 4 տոկոս՝ հաստատելով, որ դժվարությունները կապված են նաև լոգիստիկ խնդիրների հետ։ «Մենք աշխատում ենք Հնդկաստանի և ԱՄԷ-ի նավահանգիստներից բեռներն արագորեն Հայաստանի տարածքով Ռուսաստան վերաուղղելու ուղղությամբ»,- ընդգծեց նա։