Շտապօգնության մեքենան Ֆրանսիայի հրապարակ է հասել 7 րոպե անց և պացիենտին տեղափոխել 6 րոպեում․ Քաղաքապետարանի պարզաբանումը

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դեպքի առնչությամբ։ Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել սրտի կանգով։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Տեղեկացնում ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։ Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը: Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդ կերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը:

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշիչի, ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց»։