Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ և ծաղիկներ խոնարհել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 4-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ավելի վաղ, իր վրացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման արդյունքները և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պամանավորվածությունները:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և կարևորել այդ գործընթացներում Վրաստանի դերակատարությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, ինչի շնորհիվ, մասնավորապես, անցյալ տարվա հունիսի 12-ին Հայաստան էր վերադարձել 15 հայ ռազմագերի:

Մայիսի 4-ին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: