Փաստաբանը փորձել էր ապացուցել, թե «իդիոտկա» բառը հունարեն նշանակում է առաջնորդ. Լենա Նազարյանը պետք է ներողություն խնդրի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հայցը ընդդեմ պատգամավոր Լենա Նազարյանի. իշխանական պատգամավորը պետք է ներողություն խնդրի Թովմասյանից: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 3-ին ԱԺ այդ ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից խոսեց Աբովյանի դիահերձարանի գետնին նետված դիերի մասին՝ քննադատելով իշխանությանը, ինչին ի պատասխան՝ ստացավ ԱԺ այն ժամանակվա փոխնախագահի կողմից վիրավորանք:

Այս խոսքերից հետո ինչպես Թագուհի Թովմասյանը, այնպես էլ մի շարք պատգամավորներ ԱԺ ամբիոնից պահանջեցին Լենա Նազարյանից՝ ներողություն խնդրել, սակայն նա հրաժարվեց դա անել: Եվ այդպես հարցը հասավ դատարան, որտեղ Լենա Նազարյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը փորձում էր ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ Նազարյանը չի վիրավորել Թագուհի Թովմասյանին:

Նույնիսկ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից էր փաստաբանը գրություն բերել, թե ինչ է նշանակում «իդիոտկա» բառը՝ փորձելով ապացուցել, թե դա հունարեն նշանակում է առաջնորդ: Սակայն Բրյուսովի անվան համալսարանը տվել էր գրություն, որ բառը ակնհայտ վիրավորանք է պարունակում»։