Սերժ Սարգսյանը նոր կառավարությունում պաշտոն չի զբաղեցնելու․ Հայկ Մամիջանյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում այլևս զբաղեցնել բարձրաստիճան պաշտոն: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, անհնազանդության երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Մենք ձևավորելու ենք մերիտոկրատական կառավարություն։ Այսինքն՝ ոչ թե ձևավորելու ենք ըստ կուսակցությունների, այլ ըստ արժանիքների։ Պաշտոն են զբաղեցնելու այն պրոֆեսիոնալները, որոնց կարիքն այնքան ունենք այսօր:

Ժամանակավոր կառավարության գործառույթն է լինելու անհապաղ գործողություններ իրականացնել, որոնք բխում են մեր երկրի անվտանգությունից ու կազմակերպել նորմալ, մրցակցային ընտրություններ, ոչ թե չագուչներով, անհասկանալի հռետորաբանությամբ մրցավազքեր», – ասաց նա։

«Սերժ Սարգսյանը, երևի, տասը, քսան, երեսուն անգամ հայտարարություն է տարածել, որ ինքն այլևս չի զբաղեցնելու բարձրաստիճան պետական պաշտոններ, ինքն իր փորձառությամբ, խորհուրդներով կուղղորդի նոր սերնդին», – ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիևյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը, Գայի պողոտա տանող ճանապարհը։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սևան-Երեւան, Վանաձոր-Երևան, Գյումրի-Երևան, նաև Գորիսից Երևան եկող ճանապարհները: