Օպերատիվ տեղեկություններ կան, որ հավաքի կազմակերպիչները մտադիր են դրդել հավաքի մասնակիցներին գրավել ԱԺ շենքը. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ-ը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները:

Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը»: