Իշխանափոխություն ոչ թե պահանջում են, այլ՝ իրականացնում․ Ստեփան Դանիելյան

Ինչու պետք է ստեղծվի Վստահության կառավարություն, այլ ոչ թե Ժամանակավոր կառավարություն եւ ինչու պետք ստեղծվի հիմա, այլ ոչ թե հայտնի անձի հրաժարականից հետո

___________

Պետք է ստեղծվի հիմա, որովհետեւ այդ անձը հրաժարական չի տալու եւ այդ կառավարության ստեղծման հիմնական իմաստը նրա հրաժարականին հասնելն է։

1․Երբ կլինի հրաժարական – այն ժամանակ, երբ կառավարման կենտրոնը կտեղափոխվի հրապարակ։

Երկու օրինակ.

– 1988-ին ստեղծված շարժումը դե ֆակտո իշխանությունը վերցրել էր մինչեւ դե յուրե գործող կառավարության հրաժարականը։ Ժողովուրդ, անգամ պետական մարմինները, հետեւում էին հրապարակի իշխանության ցուցումներին, իսկ ոստիկանությունը բանակցություններ էր վարում նրանց հետ։

– 2018-ին նույն պրոցեսն էր ընթանում, ժողովուրդն, ու արդեն ոստիկանությունը, կատարում էին փողոցի «կառավարության» հրահանգները, այսինքն դե ֆակտո իշխանությունն արդեն փոխվել էր։

Եզրակացություն, իշխանափոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ փողոցում բաց ու թափանցիկ կերպով ձեւավորվում է հրահանգներ տվող մարմին, որին սկսում են ենթարկվել, այսինքն ժողովրդի կողմից ճանաչվում է լեգիտիմ, իսկ ոստիկանությունը սկսում է բանակցել, այսինքն ճանաչում է կառավարման նոր կենտրոնը։

2․Ինչու Վստահության կառավարություն, որովհետեւ այդ մարմնին, փողոցի կառավարությանը, ժողովուրդը պետք է վստահի ու կատարի հրահանգները։ Այս պահին նման վստահություն կարող են ունենալ ոչ կուսակցականները։ Կուսակցությունները խաղի մեջ կմտնեն, երբ կլինի արտահերթ ընտրություն, իսկ շարժումները հասնում են նպատակին, երբ վերկուսակցական են լինում։

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան